2020 թվականի նոյեմբերին Ամերիկայի Միացյալ
Նահանգներում բնակվող հայ իրավապաշտպան Աննա Աստվածատուրյան Թերքոթը (Anna Astvatsaturian
Turcotte), ով նախկին փախստական է Բաքվից, ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանին տեղեկացրել է իր նախաձեռնության և Հիմնադրամի (www.Astvatsaturian.org)
մասին:
Աննա Աստվածատուրյանը մեզ տեղեկացրել է, որ Հիմնադրամը սկսել է
գործընթաց՝ ուղղված 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Արցախի տուժած
բնակչության բժշկական, հոգեբանական, ֆինանսական և ֆիզիկական բնույթի վնասների
փաստաթղթավորմանը:
Ըստ Ա. Աստվածատուրյանի՝ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների
պաշտպանների աշխատանքին աջակցելուց բացի, տվյալների հավաքագրման նպատակն էր նաև
Արցախում տեղի ունեցած ավերածությունների ճշգրիտ ազդեցությունը պարզելու հարցում
Արցախի և Հայաստանի կառավարություններին ու միջազգային մարդասիրական
կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելը՝ տուժած ընտանիքներին օգնելու
համար:
Ըստ Հիմնադրամի՝ հավաքագրված տեղեկատվությունն օգտագործվելու է
հետևյալ երեք եղանակներով՝
.ստեղծել գիտելիքների հիմք՝ տուժած ընտանիքների
կարիքների գնահատում իրականացնելու և նրանց սոցիալ-տնտեսական իրավունքների
իրացմանն աջակցելու նպատակով.
.ներդնել իրավական կարգավորումներ՝ ուղղված 2020
թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ֆինանսական և անձնական վնասներ կրած հայերի
վնասների հատուցմանը.
.հավաքագրված տեղեկատվությունն օգտագործել
հետագայում հնարավոր պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված
հանցագործությունների կանխարգելման նպատակով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցել է Աննա
Աստվածատուրյանի այս նախաձեռնությանը տվյալների հավաքագրման համար մանրամասն
հարցաթերթիկի մշակմանը, ինչպես նաև տրամադրել է համապատասխան խորհրդատվություն:
Ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է Ա.
Աստվածատուրյանը, Հիմնադրամը հարցազրույցների համար արդեն աշխատանքի է ընդունել
ավելի քան 100 աշխատակիցների՝ հարցազրուցավարների, որոնց համար վերապատրաստման
դասընթացներ են կազմակերպել Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և Աննա
Աստվածատուրյանի հետ համագործակցող մի շարք այլ կազմակերպություններ՝ առարկայական
փորձաքննություն և ուսուցում առաջարկելու նպատակով:
Մասնավորապես՝ ինչպես նշել է Ա. Աստվածատուրյանը գործընթացի առաջին
մի քանի շաբաթների ընթացքում հարցազրույցներ են անցկացվել մոտ 11.500 ընտանիքների
հետ Արցախում և 2500 ընտանիքների հետ Հայաստանում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշված Հիմնադրամին և Աննա
Աստվածատուրյանի գործընկերներին մաղթում է շարունակական հաջողություն:
Մենք կարևորում ենք տիկին Աննա Աստվածատուրյանի ծավալած
գործունեությունը և ակնկալում ենք առաջիկա շաբաթների ընթացքում ստանալ հավաքագրված
տեղեկությունների վերլուծությունը: