Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր
հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցով Հայաստանի ողջ
բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով:
Նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը՝ նա
խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության
դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել է.
«Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց
ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»:
Դրանից առաջ էլ՝ 2021թ. ապրիլի 12-ի և 13-ի ելույթներով, օրինակ,
Ադրբեջանի նախագահը բացահայտ նշում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական
մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված,
անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն:
Փոխարենը՝ ի ցույց է դնում, իր կարծիքով, Ադրբեջանի ժողովրդի առավելությունները,
նրանց հայ ժողովրդի հետ համեմատությամբ համարում դասով, բարոյականությամբ ու
հոգեբանությանբ առավել բարձր:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը
ցեղասպան քաղաքականության ապացույց է, այն պարունակում է միջազգային իրավունքով
բարցարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ: Այս ամենն
իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրն իբր ադրբեջանական
պատմական տարածք:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ
Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես անում
է հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահն այս կերպ պետական բարձրագույն
մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն ու
իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտական
ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական նման պետական
քաղաքականությունն է ընկած պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայկական կողմի
քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի
վայրագությունների, կենդանի մարդկանց գլխատումների, խոշտանգումների և այլ
պատերազմական հանցագործությունների հիմքում:
Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է
իրականացնում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում: Աշխատանքների արդյունքները
հաստատում են, որ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի
հարևանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչների ու երեխաներին՝ անգամ ձեռքով
համապատասխան նշաններ անելով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն է հրավիրում
միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպությունների
ուշադրությունն այս ցեղասպան ու ֆաշիստական բնույթի հայտարարություններին:
Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ նրանց
լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ
դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների: Դա է նաև պատճառը,
որ Ադրբեջանի նախագահի կողմից արվում են նման բացարձակ ագրեսիվ, միջազգային
իրավունքի հիմքերը խարխլող հայտարարություններ:
Անհրաժեշտ է վճռական, իրական արդյունք ապահովող միջոցներով կանխել
ադրբեջանական ցեղասպան ու ֆաշիստական քաղաքականությունը, հայատյացության ու
թշնամանքի պետական քարոզը՝ բացառելու համար իրավունքների նոր խախտումներ, նոր
պատերազմական հանցագործություններ ապագայում:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան