Ապրիլի 19-ի մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համատեղ այցը Սյունիքի մարզ:
Սյունիքի մարզի Խնածախում առաջնային հարցն է գյուղի բնակիչների
իրավունքների վերականգնումը, որ ոտնահարվել են ադրբեջանական զինված ուժերի գյուղի
անմիջական հարևանությամբ հայտնվելուց պատճառով: Գյուղի բնակիչներն անվտանգության
խնդրի պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հողատարածներից ու այգիներից, չեն
կարողանում օգտագործել արոտավայրերն ու խոտհարքները: Այս վիճակի պատճառով էլ
մարդիկ զրկվում են իրենց ընտանիքի եկամտի աղբյուրից: Այսինքն՝ խախտված են նրանց
սեփականության, տնտեսական գործունեության և կենսական կարևորության սոցիալ-տնտեսական
այլ իրավունքներ:
Դրանից բացի, վտանգված են քաղաքացիական բնակիչների կյանքի,
առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված
այլ իրավունքներ: Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև երեխաների լավագույն
շահերի, նրանց անվտանգության տեսանկյունից:
Խնածախում բնակիչների հետ քննարկվեցին նաև նրանց հուզող այլ
հարցեր՝ կապված սահմանամերձ համայնք դառնալուց հետո գյուղի բնակիչների
իրավունքներին, սոցիալ-տնտեական հարցերում պետության աջակցությանը, երեխաների
իրավունքների հարցեր, մասնավորապես՝ կապված մանկապարտեզ և դպրոց երեխաների
հաճախելու, նրանց կրթության հետ և այլն:
Գորիս քաղաքում Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների
պաշտպանի մասնակցությամբ տեղի ունեցան համատեղ քննարկումներ Գորիս համայնքի
ղեկավարի, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ և գյուղական մի շարք այլ
բնակավայրերի ղեկավարների, ինչպես նաև Սիսիան համայնքի ղեկավարի հետ: Մանրամասն
քննարկվել են համայնքներում մարդկանց իրավունքներին վերաբերող, նրանց հուզող
խնդիրները:
Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական
զինված ուժերի ծառայողների ներկայությունը չունի որևէ իրավական հիմք, ապօրինի է:
Այս եզրահանգումն ունի իրավական կոնկրետ հիմնավորումներ, որոնք նրանց
ներկայությունն ընդհանրապես դարձնում են ապալեգիտիմ: Այս մասին ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանը նշել է բազմիցս:
Կարևոր է ՀՀ նախագահի դիրքորոշումն այն մասին, որ սահմանների
հարցում առկա է անորոշություն ու այս վիճակը խախտում է գյուղերի բնակիչների
իրավունքները:
Հետևաբար, ակնհայտ է, որ Սյունիքում մարդու իրավունքների
երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի:
ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը
կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն
համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ: