Հայերն ունեն խեղված հոգեբանություն, նրանց լավ բժիշկ է պետք,
հայերի թույնը սփյուռքից է. Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլի 13-ի խոսքերն են:
Նրա ելույթն արմատավորում է ատելություն և ռասիզմ, ֆաշիստական է: Առաջացնում է
թշնամանք Հայաստանի ու Արցախի և սփյուռքի միջև:
Մեջբերումներ ապրիլի 13-ի ելույթից՝
«(...) Նրանք (նկատի ունի հայերին) լավ բժիշկների կարիք ունեն: Ես
բազմիցս ասել եմ, որ նրանց թունավորել են: Այս թույնը հիմնականում գալիս է իրենց
սփյուռքից, որը Ֆրանսիայի հարավում, Կալիֆոռնիայում, Կրասնոդարի մարզում և այլ
մայրաքաղաքներում շատ հանգիստ և գեղեցիկ վայրերում նստած կյանքն են վայելում:
Նրանք ուզում են, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայերն իրենց պատանդը, գործիքը
լինեն, որպեսզի իրենք կարողանան զբաղվել կտրուկ և շովինիստական գաղափարներով: Հայ
հասարակությունը (...) ապրում են երկաթե վարագույրի հետևում և այս թունավոր
գաղափարների ազդեցության տակ են: Մենք պատրաստ ենք նրանց աջակցել այս հարցում»:
«(...) դա կրկին իրենց հոգեբանության հետ է կապված: Նրանք կարծում
են, որ ամբողջ աշխարհն իրենց պարտական է: Այդ հոգեբանությունը նրանց գցել է
ներկայիս նվաստացուցիչ վիճակի մեջ, բայց շարունակում են մտածել, որ իրենց պետք է
օգնեն: (...) Նրանք չեն գիտակցում, որ խնդիրը հենց իրենց մեջ է: Հայաստանի
ամենամեծ վտանգը հենց իրենց հոգեբանությունն է: Սա պետք է փոխվի և գուցե դա
շրջադարձային կետ կլինի, որպեսզի հասկանան թե մենք իրենց ինչ ծանր դաս ենք տվել»:
«Սա նրանց հոգեբանությունն է: Նրանք դաստիարակվել են այնպես,
կարծես աշխարհի ամենամեծ ազգն են, արժանի են լիակատար աջակցության, բոլորը
պարտական են իրենց, ոչ ոք չգիտի ինչու: Նրանք օգտագործում էին կեղծ պատմություններ
՝ անձնական և կորպորատիվ առավելություններ ստանալու համար: Հիմա բոլորը հասկանում
են, որ իրենց բանակը գոյություն չունի, նրանք ունեն 10 000 դասալիք, 10 000,
«Անպարտելի բանակ»: Նրանց ողջ ընկալումը փոխվել է: Դուք միանգամայն ճիշտ եք, դա
խեղում է, հոգեբանական խեղում»:
------------------
Ադրբեջանի նախագահի ապրիլի 12-ին «Պուրակի» բացման, ինչպես նաև
ապրիլի 13-ի ելույթներով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող
սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են
լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն:
Փոխարենը՝ նա համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի
առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ
առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ
աղավաղման:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային,
հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների
ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը:
Ակնհայտ է, որ նրա կողմից իրականացվում է պետական մակարդակով
հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն
Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ:
Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական
վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը:
Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը
տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն
ամրագրված հիմքերը:
Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն
երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ
ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չեն վարել ու չի վարում:
Ադրբեջանի նախագահը ապրիլի 13-ի իր ելույթն ունեցել է «Նոր հայացք
Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո»
վերտառությամբ միջոցառմանը՝ ADA համալսարանում (Ադրբեջանի դիվանագիտական
ակադեմիայի համալսարան, ք.Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.):
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան