ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանն ապրիլի 10-ին ընդունել է Ռուսաստանի
հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում
մշտապես կամ ժամանակավորապես բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների իրավունքների
պաշտպանության հարցերն ու նրանց հուզող խնդիրները:
Դրանց թվում են եղել նաև այն հարցրերը, որոնց ՀՀ
քաղաքացիները բախվում են ՌԴ-ում արտագնա աշխատանքի ընթացքում:
Հանդիպման ժամանակ ամփոփվել են այն հարցերը, որոնք
Մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի հայերի միության համագործակցությամբ
լուծվել են, այդ թվում՝ կապված նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի
պայմաններում ընտանիքների միավորման, երեխաների մանկապարտեզ կամ դպրոց հաճախելու,
բժշկական օգնության հետ և այլն: Համատեղ աշխատանքի այս կարևոր փորձը դարձել է
արդյունավետ և գործում է արդեն տևական ժամանակ:
Արման Թաթոյանն ընդգծել է տարբեր ձևաչափերով երկու
կառույցների համատեղ աշխատանքի փորձը: Մասնավորապես, միջազգային լավագույն
պրակտիկայի օրինակ է ՌԴ մարդու իրավունքների
հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
կողմից ՌԴ-ում բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների համատեղ ընդունելությանը
Մոսկվա քաղաքում, որին ակտիվ մասնակցություն են ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և
լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ
Արա Աբրահամյանը:
Արա Աբրահամյանը նաև ներկայացրել է Ռուսաստանի
հայերի միության այն ծրագրերը, որոնք ուղղված են ՌԴ-ում հայերի իրավունքների
պաշտպանությանը, որոնց իրականացմանը Պաշտպանը հայտնել է աջակցության
պատրաստակամություն:
Կողմերը հանդիպման ավարտին պայմանավորվել են
հետագայում ևս նույն սկզբունքով առաջնային ուշադրության ներքո պահել մեր հայրենակիցների
բարձրացրած կամ նրանց հուզող խնդիրները, քննարկել են նաև համագործակցության
զարգացմանն ուղղված հարցեր։