Ադրբեջանում
ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով այսօր Մարդու
իրավունքների պաշտպանը դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե:
Ներկայացված
հատուկ հաղորդումը կապված է այն փաստի հետ, որ 2021թ. մարտի 9-ին ՄԻԵԴ-ը հրապարակային
ծանուցում է ուղարկել Նախարարների կոմիտե՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի
պահպանում գերիների հարցով դատարանի սահմանած ժամկետները, դատարանին տրամադրում է ընդհանրական
ու սահմանափակ տեղեկություններ:
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի հաղորդման մեջ ցույց է տրված, որ ադրբեջանական իշխանությունների
պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ»
կամ «դիվերսանտներ»:
Հայկական
կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից
գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝
նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն
հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:
Ադրբեջանական
իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով
գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով
լարվածություն հասարակությունում:
Բացարձակ
դատապարտելի է, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում իրենց երկրում ապօրինի
պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը: Նրանք դրանով կրկնակի տառապանքներ են
պատճառում անհայտ կորած անձանց ընտանիքներին, քանի որ նրանց համար առավել ևս անորոշ
է դառնում վիճակը և սա էլ այն ֆոնին, որ ադրբեջանական իշխանություններն անընդհատ խոչընդոտում
են մարմինների որոնողական և հայտնաբերման աշխատանքները:
Այս հարցերի
բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության
և թշնամանքի քաղաքականության համատեքստում:
Եվրոպայի
խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված դիմումում ներկայացված է մարդու իրավունքների
պաշտպանության միջազգային պահանջների հանգամանալից վերլուծություն, կոնկրետ օրինակներով
ցույց են տրված մարդու իրավունքների խախտումները և բարձրացված է գերիների անհապաղ վերադարձին
աջակցելու հարց:
Այս ամենի
հետ միասին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ՀՀ պետական
մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են գերիների և անհայտ կորածների ընտանիքների
հետ ապահովել պատշաճ հաղորդակցություն, նրանց տրամադրել սպառիչ տեղեկություններ, գործել
համակարգված, ինչպես նաև ուշադիր լինել սեփական յուրաքանչյուր խոսքի նկատմամբ՝ բացառելու
համար որևէ լարվածություն: