Ադրբեջանական պատգամավորներ ու այլ գործիչներ ծայրահեղական վիրավորանք
և ատելություն են տարածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ կապված ՀՀ սահմանային
բնակիչների իրավունքների հարցով գործունեության հետ:
«Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյանը անգրագետ և չափից դուրս լկտի
սուբյեկտ է», - նշել է ադրբեջանական Միլլի Մեջլիսի պատգամավորը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային
բնակիչների իրավունքների հարցով Պաշտպանի հայտարարություններին:
«Ժամանակ առ ժամանակ ընկնելով լիակատար հիստերիայի մեջ, նա առաջ է քաշում
պահանջներ, որոնց մասին նորմալ մարդը նույնիսկ չէր էլ մտածի։ (․․․․) Այս ամենը վկայում
է մանիակալ շիզոֆրենիայի ակնհայտ նշաններ ունեցող մարդու անհամարժեք պահվածքի մասին»,-
նշել է ադրբեջանական այլ գործիչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին։
Ըստ ադրբեջանական հրապարակումների՝ «Ա.Թաթոյանը օրեր շարունակ չափազանցնում
է ռազմագերիների թեման՝ նյարդայնացնելով օտարերկրյա գործընկերներին, խորհրդարանականներին
և լրատվամիջոցներին»:
Ադրբեջանական գործիչները մանրամասն «վերլուծել» են Արման Թաթոյանի կենսագրությունը,
ԱՄՆ-ում ստացած կրթությունն ու աշխատանքային կենսագրությունը և ակնհայտ աղավաղելով
ամեն ինչ՝ արել վիրավորական բնույթի, իրենց ձեռնտու եզրահանգումներ:
«Վատ չէր լինի՝ հայկական իշխանությունները ուշադրություն դարձնեին նրա
(…) հայտարարություններին, որոնք հակասում են եռակողմ պայմանավորվածություններին»,
- շարունակաբար նշում են ադրբեջանական գործիչներն ու մամուլը ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի մասին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ արձանագրում
է, որ անկախ վիրավորանքի ու ատելության նշված արշավներից՝ շարունակելու է բարձրացնել
Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող բոլոր
հարցերը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստագրել է Պաշտպանի
լիազորությունների իրականացման կապակցությամբ Արման Թաթոյանին ադրբեջանական քաղաքական
ու այլ գործիչների կողմից, մամուլում հասցվող վիրավորանքի ու ատելության հրապարակումների
հերթական ալիքը՝ դրանք միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով:
Հղումների օրինակներ`