1) Սյունիքի
կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները
Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական
թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով և
GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի:
Որպես
ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք
տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել:
2) Խորհրդային
միությունում տեղի ունեցածը եղել է ոչ թե երկու
ինքնիշխան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների որոշում,
այլ մեկ ինքնիշխան պետության՝ ԽՍՀՄ-ի ներսում երկու սուբյեկտների միջև սահմանների վարչական
բնույթի բաժանում: Խորհրդային քարտեզները միայն այդ մասին են:
Ի դեպ,
ինչու՞ 1920-ական թթ. քարտեզները սահմանների այս օրերի գործընթացի հետ կապված չեն վկայակոչվում:
3) ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացը վարչատարածքային
բաժանման հետ կապել չի կարելի: Այդ երևույթները միանգամայն տարբեր են:
4) ՀՀ
պետական սահմանների որոշման գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության
սահմաններն ու քարտեզներն անտեսվել չեն կարող: Սա է պահանջում ՀՀ քաղաքացիների, ՀՀ
բնակչության իրավունքների իրական երաշխավորման հրամայականը:
5) Ադրբեջանական
այսօրվա տեղակայումներն ընթացել են միջազգային, այդ թվում՝ մարդու իրավունքների պահանջների
կոպիտ ու զանգվածային խախտումներով, պատերազմի և ուժի իրական սպառնալիքի ներքո և ադրբեջանական
բացահայտ ցեղասպան քաղաքականության պայմաններում:
6) Պետական
սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը
կամ առաջացնել պետության քաղաքացու իրավունքների և օրինական շահերի, այդ թվում՝ կյանքի
ու ֆիզիկական անվտանգության, երեխաների անվտանգ ապրելու, սեփական հողը մշակելու, ջրային
պաշարներից, արոտավայրերից ու խոտհարքներից լիարժեք օգտվելու և այլ իրավունքներ:
Այս կետերը
ՀՀ քաղաքացիների, սահմանային բնակիչների իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորող
հիմնական գործոններից են: