Խոշտանգումների
կանխարգելման ասոցիացիայի (ք. Ժնև) գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է
հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի անկախության վերաբերյալ՝ նշելով,
որ սահմանադրական օրենքում Պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության
երաշխիքը պետք է պահպանել:
Բաց
նամակում նշված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական
օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը լայնորեն ճանաչվել է միջազգային լավագույն
փորձ, և իրենք այն առաջարկում են այլ երկրների՝ կանխարգելման ազգային մեխանիզմներ
հիմնադրելիս:
Բարբարա
Բերնաթը նշել է, որ հենց այս և անկախության մյուս երաշխիքներն են, որ Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանին դարձրել են այսքան ուժեղ և վստահելի գործընկեր
խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարում: Նամակում ընդգծված է
ասոցիացիայի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարիների համագործակցությունը՝
նաև շնորհիվ անկախության:
Խոշտանգումների
կանխարգելման ասոցիացիայի (Association for Prevention of Torture - APT) գլխավոր
քարտուղարն ընդգծել է, որ չնայած շատ պետություններ բախվում են բյուջետային
սահմանափակումների, մասնավորապես, նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19)
դժվարին ժամանակահատվածում, միաժամանակ, այս ընթացքում է, որ հասարակության առավել
խոցելի խմբերը գտնվում են մեծագույն ռիսկի ներքո: Ուստի, էական է, որ նման
ժամանակներում նրանց պաշտպանության մանդատ ունեցող հաստատություններին ոչ միայն
ցուցաբերվի աջակցություն, այլ նաև դրանք առավել հզորացվեն:
Հայաստանի
Ազգային ժողովի նախագահին ուղղված բաց նամակում ընդգծվում է, որ այս հարցը
դիտարկվում է առավել լայն կոնտեքստով՝ նշելով, որ մեքենաների հարցում
սահմանափակումը արդեն իսկ բացասական է եղել: Հատուկ անդրադարձ է եղել նաև այն
հարցին, որ փոփոխություններն արվել են առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ
պատշաճ խորհրդակցության կամ քննարկման:
Հաշվի
առնելով միջազգային, այդ թվում՝ Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի կոնվենցիոն
չափանիշները և Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ Խոշտանգումների
կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարը նամակում նշել է, որ պետք է պահպանել
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ
հոդվածի 5-րդ մասը՝ որպես Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և
Կանխարգելման ազգային մեխանիզմների թվում լավագույն փորձ: Միաժամանակ, առաջարկել է
ապահովել, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսավորման հետ կապված
օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հետագա քննարկում իրականացվի
Մարդու իրավունքների պաշտպանի հետ ամբողջական խորհրդակցությամբ։
Ծանոթագրություն։ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի
նստավայրը Շվեյցարիայի Ժնև քաղաքն է: Այն միջազգային ոչ կառավարական
կազմակերպություն է, որի հիմքում «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ
արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի
կամընտիր արձանագրությամբ ստեղծված՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային
համակարգն է: Այս կազմակերպության գործունեությունը ընդգրկում է աշխարհի 90-ից
ավելի երկիր: Այն ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոմիտեի (UN CAT) և Խոշտանգումների
կանխարգելման ենթակոմիտեի (UN SPT) գլխավոր գործընկերներից է և մեծ
դերակատարություն ունի հավատարմագրման (ակրեդիտացիայի) փուլում Մարդու
իրավունքների հաստատության գործունեության գնահատելու հարցում:
Ներկայացնում
ենք նամակի ամբողջական տարբերակն անգլերեն և հայերեն թարգմանությամբ, որն
իրականացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։