2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմի
հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ
ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի
օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի
1-ին՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ:
Եկեղեցու ավերելու փաստը հաստատվում է BBC
World News լրատվամիջոցի հրապարակումով (Nagorno-Karabakh: The mystery of the
missing church):
Դեռ պատերազմի ժամանակ էին ադրբեջանական
զինվորականները հրապարակել տեսանյութ, թե ինչպես են նրանք ցինիզմով անարգանքի,
վանդալիզմի ենթարկում հայկական եկեղեցին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմը թարգմանել ու վերլուծել է տեսանյութը, որը բացահայտ վկայում է
կրոնական ատելության և հայկական եկեղեցին քանդելու մտադրության մասին։
Ակնհայտ է ևս մեկ փաստ. եկեղեցին ավերվել է
ոչ թե ռազմական գործողությունների, այլ դրանց դադարից հետո:
Տեղի ունեցածը Ադրբեջանում հայատյացության և
կրոնական հիմքով ատելության քաղաքականության հերթական արդյունքն է, միջազգայնորեն
երաշխավորված կրոնական ազատության կոպիտ ոտնահարում:
Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում
հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության
քաղաքականություն:
Տեսանյութը՝ այստեղ: