Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է
«Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։
Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը, Earlyone և
Limetech ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը և The Crowdfunding Formula
ընկերության համահիմնադիր Գևորգ Պողոսյանը ներկայացրել են իրենց մտահոգություններն
այն նախագծի վերաբերյալ, որը նախատեսում է վերացնել գիտության պետական բյուջեից
ֆինանսական հատկացումների նվազագույն շեմին վերաբերող երաշխիքը: Դա իր հերթին
կարող է հանգեցնել գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար
պետբյուջեից հատկացվող միջոցների կրճատման։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կառավարության մարտի 11-ի
նիստում որպես չզեկուզվող հարց ընդունված և ԱԺ ուղարկված նախագծերի փաթեթին:
Նրանց կարծիքով՝ գիտական գործունեության բնույթը անպիսին է, որ
պահանջում է պետական երկարաժամկետ հանձնառություն:
Ուստի, իրական արդյունք ապահովելու համար ոչ թե պետք է օրենքով
առկա երաշխիքները վերացնել, այլ հատկացվող միջոցների աճն օրենքում ամրագրել։
«Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ գիտական և
գիտատեխնիկական գործունեությանն ուղղվող պետբյուջեի հատկացումների նվազեցումը կամ
նվազեցումից պատսպարող օրենսդրական պահանջների վերացումը կազդի Սահմանադրությամբ
յուրաքանչյուր անձի համար երաշխավորված գրական, գեղարվեստական, գիտական և
տեխնիկական ստեղծագործության ազատության վրա։
Արման Թաթոյանը հանդիպմանը նշել է, որ կարևոր սահմանադրական
իրավունքներ են ստեղծագործական ազատությունն ու կրթության իրավունքը:
Պաշտպանը նշել է, որ նախագծային լուծումները, այդ թվում՝ գիտության
վերաբերելիության մասով, պետք է դառնան տարբեր ոլորտների ներկայացուցիչների
մասնակցությամբ մանրամասն քննարկման առարկա, և պետք է բացառվի մեխանիկական որևէ
մոտեցում՝ առանց հաշվի առնելու բովանդակային հարցերը:
Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր
իրավասության շրջանակում աջակցել բարձրացրած խնդիրների լուծմանը։