Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը
(Վենետիկի հանձնաժողով) 2021 թվականի մարտի 19-20-ի նստաշրջանում որոշում է
կայացրել ուսումնասիրության ներքո առնել Մարդու իրավունքների պաշտպանի
գործունեության ֆինանսավորման երաշխիքներին վերաբերող օրենսդրական նախագիծը։ Այս
հարցը քննարկման է արժանացել Վենետիկի հանձնաժողովի նիստում և այդ հարցին հետևելու
որոշումը հանձնաժողովը հրապարակել է:
Հիշեցնենք, որ Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել «Մարդու
իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող
նախագիծ, որով նախատեսվում է վերացնել 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Համաձայն
օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես
նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական
բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական
բյուջեով նախատեսված հատկացման չափից:
Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցնի
Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Ավելին, առաջարկվող
փոփոխությունը պարունակում է իրական ռիսկ առ այն, որ դա կհանգեցնի միջազգային «A»
կարգավիճակից զրկելուն: Սա իր հերթին մեխանիկորեն կզրկի Պաշտպանին, օրինակ, ՄԱԿ-ի
կառույցներում ելույթներ ունենալու, միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում
ընտրելու և ընտրվելու հնարավորությունից։
Ավելի վաղ, Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի
նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու
իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը
Եվրոպայում լավագույն փորձ է և կոչ է արել այն պահպանել։