Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է ՀՀ
բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ
Ֆահրադյանի միջև այսօր սրճարանում տեղի ունեցած միջադեպի հրապարակված
հանգամանքները:
Դրանից բացի, տեղի է ունեցել առանձնազրույց լրագրող Փայլակ
Ֆահրադյանի հետ, որը պնդել է, որ նախարարն իր հետ խոսել է հայհոյանքներով, տվել
սպառնալիքներ, իր նկատմամբ գործադրել է բռնություն և կոտրել համակարգիչն ու վնասել
հեռախոսը: Նա Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ իր նկատմամբ բռնության
գործադրումից առաջ ինքը մոտեցել է նախարարին և հարցեր տվել այն մասին, թե ինչ է
նախարարն անում աշխատանքային ժամին սրճարանում:
Պաշտպանի աշխատակազմն առանձնազրույց է ունեցել նաև լրագրող Տաթև
Այվազյանի հետ, որը նշել է, որ նույն սրճարանում է գտնվել Փայլակ Ֆահրադյանի հետ
միասին և լսել է նախարարի սպառնալիքներն իր գործընկերոջ հասցեին, ինչպես նաև
բռնության միջադեպից հետո նախարարը հայհոյել է նաև իրեն:
Ըստ Փ.Ֆահրադյանի և Տ.Այվազյանի՝ նախարարն իմացել է, որ իրենք
լրագրողներ են:
Պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է նաև միջադեպի վերաբերյալ
տարածված տեսանյութերն ու լրագրողի վարքագծի վերաբերյալ ավելի ուշ արված
հրապարակումները:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ լրագրողների
մասնագիտական գործունեությունը պաշտպանված է օրենքով:
Ցանկացած պարագայում նախարարն իրավունք չուներ բռնություն
գործադրել քաղաքացու նկատմամբ:
Նախարարի վարքագիծն առավել ևս դատապարտելի է այն պայմաններում, երբ
ինքը տեղյակ էր, որ իրեն հարցեր է տալիս լրագրող և որ ինքը բռնություն է
գործադրում լրագրողի նկատմամբ:
Որպես կարևոր հանգամանք՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է
համարում առանձնացնել, որ լրագրողը մոտեցել է հանրային ճանաչում ունեցող
բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, դա տեղի է ունեցել հանրային, այլ ոչ թե
մասնավոր վայրում և այդ նույն վայրում էլ տեղի է ունեցել բռնության միջադեպը:
Պաշտոնյաները, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պարտավոր
են ցուցաբերել հանդուրժողականություն բոլոր այն դեպքերում, երբ լրագրողները տալիս
են իրենց դուր չեկող հարցեր կամ իրենց նկատմամբ ցուցաբերում են քննադատական
վերաբերմունք: Ավելին, նրանք պետք է իրենց հանրային վարքագծով օրինակ լինեն,
հատկապես եթե դա վերաբերում է բռնության բացառմանը:
Հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ ունի լիազորությունների
սպառիչ շրջանակ և սահմանափակված է իր իրավական կարգավիճակի սահմաններով:
Որևէ պատճառ չի կարող արդարացնել պաշտոնատար անձի կողմից
մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը:
Ցանկացած հարց, ինչ էլ որ լինի, պետք է լուծվի բացառապես պատշաճ
իրավական ընթացակարգի շրջանակում՝ համապատասխան իրավասությունն ունեցող մարմինների
կողմից:
Միջադեպի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից
համապատասխան գրություն կուղարկի Գլխավոր դատախազություն:
Այս պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ
դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական
ծառայություն: