Ադրբեջանական իշխանությունները կատարել են
մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19-ի պայմաններում Արցախի և
Հայաստանի դեմ լայնածավալ զինված հարձակումներով:
Այդ փաստն ապացուցում է ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի նոր արտահերթ զեկույցն անգլերենով:
Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ
զեկույցը կոնկրետ օրինակներով ու մասնագիտական վերլուծությամբ ցույց է տալիս
«Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունները COVID-19-ի
մարդածին աղետի համատեքստում»:
Արտահերթ զեկույցում նշվում է, որ չնայած
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ
COVID-19-ի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր իրավիճակներում ռազմական
գործողությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի
սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի նախաձեռնումը վտանգել է Արցախի ողջ
բնակչության կյանքն ու առողջությունը՝ դիտավորյալ պատճառելով մահեր և տառապանքներ:
Այն զգալիորեն նպաստել է նաեւ Հայաստանում մահվան թվերի աճին:
Այս ամենն իրականացվել է մահացու վիրուսի
արագ տարածումն արագացնելու և առողջապահական համակարգի վերջնական փլուզմանը
հասնելու միջոցով:
Այսպիսով, մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած
ժամանակահատվածում COVID-19-ի համավարակի 49400 դեպք է գրանցվել, մինչդեռ
պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը այս թիվը հասել է 59287:
Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշներին,
ապա նախապատերազմյան յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է 951 մահվան դեպք,
մինչդեռ պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի:
Արձանագրած այս փաստերը ևս մեկ անգամ
ապացուցում են Մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, որ Ադրբեջանի
իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական
հանցագործությունների համար, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան
հանցագործություններ։
Զեկույցն ուղարկվելու է միջազգային
համապատասխան կառույցներին, ՀՀ պետական մարմիններին։