ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի այսօրվա ասուլիսի միակ թեման Պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության
երաշխավորման խնդիրն էր:
Այս առաջ եկած խնդրի շուրջ բովանդակային քննարկման ու լուծում
առաջարկելու փոխարեն Կառավարությունը խոսնակի հայտարարությամբ միայն արձագանքել է
երկրորդական նշանակության հարցի՝ կապված Կառավարության նիստերին Մարդու
իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցության հետ:
Հատուկ նշում ենք, որ երկար տարիների ընդունված պրակտիկա է, երբ
Կառավարության նիստերին մասնակցել է Պաշտպանի ներկայացուցիչը, այլ ոչ թե Մարդու
իրավունքների պաշտպանն անձամբ: Այս պրակտիկան գործել է Մարդու իրավունքների բոլոր
պաշտպանների օրոք բոլոր ժամանակաշրջաններում:
Մարդու իրավունքների պաշտպանը օբյեկտիվ պատճառներով
հնարավորություն չի ունեցել անձամբ մասնակցել Կառավարության՝ պատերազմից հետո
վերսկսված մի քանի նիստի՝ պայմանավորված աշխատանքների ու դիմումների շեշտակի աճով,
ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր հաճախ օրեր տևած այցերով, այդ այցերի
արդյունքներն ամփոփելու և միջազգային կառույցներին ներկայացնելու հրատապությամբ:
Ավելին, այս ողջ ընթացքում որևէ մեկը Կառավարությունից ո՛չ
բանավոր, ո՛չ գրավոր տարբերակով տեղեկություն չի փոխանցել Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմ, որ Կառավարությունը ակնկալում է նիստերին Մարդու
իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցությունը:
Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի
մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք ու անհասկանալի է՝ ինչպես
կարող է այս հարցը քննարկվել Պաշտպանի հաստատության համար բացասական հետևանքներ
առաջացնելու լույսի ներքո:
Հատուկ արձանագրում ենք, որ Սահմանադրությունը պաշտոնյաներին ու
առավել ևս Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին ոչ թե վերապահել է Մարդու
իրավունքների պաշտպանի հայտարարություններին քաղաքական, առավել ևս ագրեսիվ
բառապաշարով պատասխանելու իրավասություն, այլ Պաշտպանի գործունեությանն աջակցելու
ուղիղ պարտականություն:
Սա Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած և
Սահմանադրության 191-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»
սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածով ամրագրված՝ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման
մարմինների, կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց պարտականություն է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ
Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի՝ խոսնակի նշված հրապարակմանը անմիջապես
հաջորդել է Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավորի հայտարարությունը:
Այդ հայտարարությունը, նույնությամբ կրկնելով Կառավարության ներկայացուցչի
հրապարակման բառերը, ևս շեղել է ասուլիսի միակ թեման:
Ընդ որում, պատգամավորի հայտարարությունը պարունակում է Մարդու
իրավունքների պաշտպանին ուղղված ակնհայտ հեգնական ձևակերպումներ, իսկ այդ
հայտարարության ներքո լի են Մարդու իրավունքների պաշտպանին ու Պաշտպանի
հաստատությանն ուղղված վիրավորական ու ատելության տարրերով գրառումները:
Ավելին, պատգամավորի այդ հայտարարությունը գրեթե անմիջապես
տեղադրվել է ԱԺ «Իմ քայլը» կառավարող խմբակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում,
որտեղ արված են Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակն ու դերն
ակնհայտ աղավաղող, Պաշտպանի հասցեին արված ու չհեռացված վիրավորական, ատելության
տարերրով գրառումներ:
Շեշտում ենք, որ պետությունը պարտավոր է ապահովել Մարդու
իրավունքների պաշտպանի բնականոն, պաշտպանված գործունեությունը՝ ինստիտուցիոնալ
երաշխիքներով ապահովված իրական անկախ աշխատանքի պայմաններում:
Ուստի, ասուլիսի միակ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
ինստոիտուցիոնալ անկախության երաշխավորման թեման շեղող հարցերն ու քննարկումները
համարում ենք փակված:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ