ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական
ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի
գործունեությունը դատապարտյալների համար առաջացնում է խնդիրներ՝ հարցերը
լուծելու փոխարեն։ Այս վիճակն անթույլատրելի է:
Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
մի քանի տարի շարունակ բողոքներ են հասցեագրվում, որոնք նույնաբովանդակ են և
վերաբերում են հանձնաժողովի որոշումներին, դրանց հիմնավորվածության ու
պատճառաբանվածությանը։ Խոսքը վերաբերում է նաև միևնույն իրավիճակներում իրարից
խիստ տարբերվող ու կամայական որոշումներ կայացնելու բողոքներին:
Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կապակցությամբ առկա են
օրենսդրական և գործնական խնդիրներ, մասնավորապես՝
1) պատժի կրման նպատակով ուղղիչ հիմնարկը որոշելիս կամ փոխելիս
հաշվի չի առնվում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը.
2) Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները հիմնականում պատճառաբանված չեն.
3) քրեակատարողական օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն
Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության սկզբունքները և
տեղաբաշխման հիմքում դրվող չափանիշները, օրինակ՝ ազատությունից զրկված անձի՝
մերձավոր ազգականներին հնարավորինս մոտ տեղաբաշխվելու առաջնայնությունը՝ որպես
անձի վերասոցիալականացման կարևոր գործոն:
Այս խնդիրները բարձրացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝
որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017, 2018 և 2019 թվականների
գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում: Դրանք արտացոլվելու են նաև 2020
թվականի գործունեության վերաբերյալ զեկույցում:
Թեև 2020 թվականին ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարության հրամանով
հաստատված Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կարգում փոփոխություններ և
լրացումներ նախատեսող, ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված նախագիծը,
վերոնշյալ խնդիրները լուծում չեն ստացել, ինչի մասին են վկայում նաև 2020 և 2021
թվականներին ազատությունից զրկված անձանց կողմից Մարդու իրավունքների պաշտպանին
հասցեագրվող բողոքները կապված Տեղաբաշխման հանձնաժողովի անհիմն, չպատճառաբանված և
համանման իրավիճակներում տարբեր որոշումների կայացման հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ առկա
վիճակն անթույլատրելի է. օրենսդրությունը պետք է հստակ կարգավորի, թե ինչ
հանգամանքներ են հաշվի առնվում քրեակատարողական հիմնարկը, ինչպես նաև ուղղիչ
հիմնարկի տեսակը (ռեժիմը) փոխելիս, և ինչ չափանիշներով է որոշվում
մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը: Սա պետք է հստակ լինի հենց
դատապարտյալների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կանխատեսել
իրենց կողմից դրսևորած վարքագծի հետևանքները՝ կապված ուղղիչ հիմնարկի տեսակը
փոխելու հետ:
Օրենսդրական կարգավորումների թերությունները, ինչպես նաև
Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների պատճառաբանվածության ուղղակի պահանջի
բացակայությունը չի կարող որևէ կերպ արդարացնել Տեղաբաշխման հանձնաժողովի բացարձակ
հայեցողությունն ու բացառել վերջինիս հաշվետվողականությունը: Դա մեծացնում է
մարդու իրավունքների խախտումների և կամայականության ռիսկերը:
Հիշեցնենք, որ Տեղաբաշխման հանձնաժողովը քննարկում է
դատապարտյալների՝ օրենքով սահմանված կարգով պատիժը կատարելու համար ուղղիչ
հիմնարկի տեսակը որոշելու, ինչպես նաև հիմնարկի տեսակը փոխելու հարցերը: