ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ին հատուկ զեկուցումով է
հանդես եկել Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը՝
ներկայացնելով Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու
քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, ՄԹ
խորհրդարանի բոլորը կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության
խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը և այլք։
Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում,
քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների
ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն
առաջացնելու նպատակով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու
մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են
գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային
մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրև
«ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված
հակամարտության մասին:
Պաշտպանը նաև ներկայացրել է տեղեկություններ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր
ամիսներին պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված
պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ,
խոշտանգումներ, մարմինների անարգանք և այլն) մասին:
Անդրադառնալով Հայաստանի սահմանների հետ կապված գործընթացին՝ Արման Թաթոյանը
ներկայացրել է իր նոր հայեցակարգը, համաձայն որի՝ Սյունիքում մարդկանց անվտանգության
երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Նա
ներկայացրել է կոնկրետ ապացույցներ, փաստեր, որոնց վրա հիմնված է այս նոր
մոտեցումը:
«Սահմանների հետ կապված գործընթացը խախտել, ինչպես նաև լրջորեն վտանգել է ՀՀ
սահմանային բնակիչների իրավունքները, խաթարել է նրանց բնականոն կյանքը և
շարունակում է անհանգստություն պատճառել գյուղերի բնակիչներին»,- մանրամասնել է
Մարդու իրավունքների պաշտպանը։