Գերմանիայի Բունդեսթագում այսօր կազմակերպվել է օնլայն հատուկ
քննարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ, որի ընթացքում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել առանձին զեկույցով։
Քննարկումը տեղի է ունեցել Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար հարցերով
մշտական հանձաժողովի նախագահ Միխայել Բրանդի և Բունդեսթագի պետիցիոն հանձնաժողովի
նախագահ Մարիան Վենդթի ղեկավարությամբ։ Քննարկմանը մասնակցել է Գերմանիայի 70-ից
ավելի պատգամավոր:
Պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի
գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը:
Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում,
քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների
ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն
առաջացնելու նպատակով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է
մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք
պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում,
միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է
նրանց իբրև «ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված
հակամարտության մասին:
Պաշտպանը նաև ներկայացրել է տեղեկություններ պատերազմի ընթացքում
ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ
ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք և այլն)
մասին:
Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի խորհրդարանի
պատգամավորներին կազմակերպված քննարկման համար:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Գերմանիայում ՀՀ
դեսպանության աջակցությունն այս քննարկումը կազմակերպելու հարցում:
Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից
հավաքագրված ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների վերաբերյալ
ապացույցները Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը փոխանցել է Գերմանիայում գործող Amnesty
international իրավապաշտպան կազմակերպությանը։