Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է
իրականացրել «Խարբերդի մասնագիտացված
մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Մշտադիտարկման
արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և
լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու
Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Այցի ընթացքում
արձանագրված համակարգային խնդիրներից են՝
•
հաստատության իրավասու անձնակազմը նշել է, որ զսպման միջոցների կիրառման
մատյաններ չեն վարվում, քանի որ զսպման միջոցներ հաստատությունում գործնական չեն կիրառվում:
Այս փաստարկը չի կարող ընդունելի լինել: Նախ` Պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում
արձանագրվել է հատուկ միջոցի կիրառում: Դրանից բացի, հաստատությունը, լինելով հոգեբուժական
բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող պետական ոչ առևտրային
կազմակերպություն, պարտավոր է յուրաքանչյուր դեպքով ապահովել զսպման միջոցների կիրառման
համար օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ մատյանների վարումը:
Ուստի, գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ
է ներդնել և պատշաճ կերպով վարել զսպման միջոցների կիրառման մատյաններ, ինչպես նաև
մեթոդական ուղեցույցներ.
•
փակ կարանտինային ռեժիմի պատճառով նեղ մասնագիտական
ծառայությունների (օրինակ` հոգեբան, լոգոպեդ և այլն) մատուցումն էականորեն նվազել
է, ինչը բացասաբար է անդրադարձել սաների առողջական վիճակի վրա: Մինչդեռ,
անձնակազմի վկայությամբ, որոշ սաների հոգեկան և ֆիզիկական առողջության արձանագրված
դրական դինամիկան հնարավոր է եղել տարիների ընթացքում կանոնավոր և հետևողական իրականացված
աշխատանքի արդյունքում: Ուստի, անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ կանոններ
հաստատությունում նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման ընթացքի կանոնավոր
և անխոչընդոտ ապահովման համար.
•
սաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորվում
դրանց իրական և անհատականացված լինելը, քանի որ բացակայում են համապատասխան մասնագետների
համար նախատեսված ուղեցույցներ կամ այլ կարգավորումներ: Միայն այս դեպքում հնարավոր
կլինի յուրաքանչյուր սանի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա
զարգացման հնարավորությունները և իրական կարիքները.
•
սաների խմբերի ձևավորման համար բացակայում են նվազագույն
չափորոշիչներ և մեթոդական ուղեցույց: Օրինակ՝ ըստ անձնակազմի՝ որևէ սանի այս
կամ այն խմբում ընդգրկվելու համար էական է այն, թե կոնկրետ խմբում աշխատող դայակը
կկարողանա կամ պատրաստ է հոգալ տվյալ սանի անձնական հիգիենան, թե ոչ: Արդյունքում,
սաների խմբերը գործնականում ձևավորվում են հիմնականում սաների առօրյա խնամքն
առավել դյուրին կազմակերպելու մոտեցմամբ, այլ ոչ յուրաքանչյուր սանի զարգացման
հնարավորությունները բացահայտելու և դրանց իրացմանը նպաստելու նկատառումներով: Նշված
չափորոշիչների և դրանց կիրառման մեթոդաբանության բացակայությունը դժվարացնում է
նաև հաստատության տնօրինության աշխատանքը.
•
բացակայում են չափահաս սաների զբաղվածության ապահովման նպատակային
ծրագրեր, ինչի հետևանքով հաստատությունում կազմակերպվող մասնագիտական
հմտությունների զարգացման դասընթացները չեն ապահովում սաների ինքնուրույն կյանքի
հմտությունների ձեռք բերումը: Ուստի, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի
ծրագրեր, որոնք իրական հնարավորություններ կստեղծեն սաների անկախ և ինքնուրույն
կյանքի իրավունքի իրացման համար: Սաների զբաղվածության խնդիրն այցի ընթացքում
բարձրաձայնվել է նաև չափահաս սաների, հաստատության աշխատակիցների և տնօրենի կողմից.
•
որոշ խմբասենյակներ գերծանրաբեռնված են, իսկ ննջարանների և խաղասենյակների
առկա բաժանումը ոչ միշտ է ապահովում սաների հանգստի, ինքնուրույն և մասնավոր
կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների իրացման իրական հնարավորություն.
•
չափահաս և անչափահաս սաները բնակվում են նույն
խմբասենյակներում՝ միասին, ինչպես նաև ննջարաններն առանձնացված չեն՝ ըստ սաների
սեռի: Վերջինս հատկապես անընդունելի է՝ հաշվի առնելով, այն, որ խնամքի, այդ թվում՝
երեխայի խնամք և իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատություններում
արական և իգական սեռի սաների շուրջօրյա համակեցությունը նույն սենյակում չի
ապահովում նրանց կենսակերպին և կենցաղին բնորոշ կարիքները՝ պայմանավորված սաների
տարիքային, վարքագծային և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Առավել ևս պետք
է հաշվի առնել, որ, օրինակ, մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից անչափահաս
իգական սեռի սանը չի կարող գիշերել արական սեռի չափահաս անձի հետ նույն
ննջասենյակում կամ օգտվել նույն սանհանգույցից:
•
սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝ դայակների, դաստիարակների քանակը բավարար չեն
աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է
անդրադառնում թե՛ սաների, թե՛ աշխատակիցների
իրավունքների երաշխավորման վրա.
•
հաստատության աշխատակիցների վարձատրությունը
չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին: Այս
խնդիրը և փոխկապակցված այլ հարցերն ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմում, մշակվել
առաջարկներ և ուղարկվել պետական իրավասու մարմնին:
Նշված խնդիրները
բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ
պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են
առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ, պետությունը պարտավոր
է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող
անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն
դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների
իրացման երաշխավորման մասին է:
Մարդու
իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես՝
•
սաների համար իրականացվում է հիպոթերապիայի ծրագիր (բուժական
ձիավարության միջոցով վերականգնողական մեթոդ), ինչը կարևոր ազդեցություն է
ունենում սաների հոգեկան առողջության, շարժողական իմպուլսների զարգացման տեսանկյունից.
•
սաներին աջակցող միջոցների, սայլակների տեխնիկական
խնդիրները լուծվում են նաև արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու, իսկ որոշ
դեպքերում՝ անգամ աշխատակիցների միջոցներով: Բացասական է այն, որ այս նպատակով
հանրային միջոցների հատկացման գործընթացն արդյունավետ չէ.
•
հաստատության սաները մասնակցում են տարբեր խմբակների,
օրինակ, ստեղծագործական, արհեստագործական և այլն, ինչպես նաև մասնագիտական
հմտությունների դասընթացների, որոնց համար անհրաժեշտ պարագաները, նյութերը
հիմնականում ապահովվում են հաստատության կողմից իրականացվող մասնավոր կամ
միջազգային համագործակցային ծրագրերի միջոցով.
•
չնայած պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների
սղությանը՝ սաների խնամքի և հաստատության սանիտարահիգիենիկ բավարար վիճակն
ապահովելու համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաների և միջոցների չբավարարող քանակը
ձեռք է բերվում բարերարների, մասնավոր կազմակերպությունների հետ հաստատության
համագործակցության արդյունքում: