Ադրբեջանական զինված ծառայողների կողմից 2021թ. փետրվարի 11-ին
Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի հովիվի 173 գլուխ ոչխարը տանելու փաստը հաստատում
է այն, ինչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն մի քանի ամիս շարունակ
նախազգուշացնում է:
Մասնավորապես, երեկ Խնձորեսկի համայնքապետարանը հայտարարեց, որ
փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ գյուղին հարակից
արոտավայրերում արածեցրել է ընդհանուր թվով 185 մանր եղջերավոր կենդանիներ:
Արածեցնելու ընթացքում կենդանիների մի մասը մոտեցել է ադրբեջանական զինվորների
կողմից վերահսկվող տարածքին, որից հետո ադրբեջանցի զինված ծառայողները տարել են
173 գլուխ ոչխար: Կենդանիները վերադարձվել են միայն ՀՀ սահմանապահ զորքերի
ծառայողների ու Զինված ուժերի կորպուսի հրամանատարության բանակցություններից հետո:
Նշված տեղեկությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են
գյուղի մի շարք բնակիչներ ու համայնքային մարմինները: Ընդ որում, Պաշտպանի
աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը պարզել է, որ հովիվն ինքն ուշադիր է
եղել, բայց դեպքը տեղի է ունեցել, քանի որ կենդանիները սովոր են այդ տարածքներում
արածելու և արոտավայրերն այնպիսին են, որ դժվար է լինելու վերահսկել կենդանիներին:
Այս ամենը հաստատում է, որ անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների
իրավունքները, այդ թվում՝ կապված արոտավայրերն օգտագործելիս նրանց անվտանգության,
ապրուստը հոգալու ու սեփականության իրավունքների վտանգների կամ խախտումների հետ:
Նշվածը թույլ չտալու համար անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ ու
գյուղացիների կարիքների ճիշտ գնահատում, բոլոր խնդիրների լիարժեք չեզոքացում: