ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող
ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների)
առկայությունը, առավել ևս` այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է
բացառվի և վերջ:
Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և
զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ
բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության,
խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր
պատերազմի սպառնալիքների հաշվին:
Ադրբեջանական զինվորականների ներկայությամբ շարունակվում են
կոպտորեն խախտվել Հայաստանի` առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները,
կամ դրանք լրջորեն վտանգած են (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն),
խաղաղ կյանքն ու անդորրը:
Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ,
առավել ևս, տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է
միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին: