Ադրբեջանական
զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ
քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը:
Մասնավորապես,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է գործարարությամբ զբաղվող ընկերության
տնօրենից բողոք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020թ.
նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ կառավարության
որոշմամբ իրենց հատկացված այն տարածքը, որտեղ արդեն 20 տարի իրենք իրականացնում են
ձեռնարկատիրական գործունեություն՝ դրանով պատճառելով շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի
վնաս:
Բողոքի
հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ՀՀ
կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող
ընկերությանն է տրամադրել Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի (Գեղամասար համայնք)
շրջանում 200 հա հողամաս և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝
ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը: Հողատարածքը տրամադրվել է
էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և
շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը
կառուցել է 2 հողմակ:
Այնուհետև,
ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է անշարժ գույքի նկատմամբ ընկերության իրավունքը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի
որոշմամբ մինչև 2039 թվականի մայիս ամիսը ընկերությանը տրամադրել է էլեկտրական
էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա: Դրանից բացի, Սոթք գյուղում գտնող
նշված մակերեսով էներգետիկայի գործառնական նշանակությամբ հողամասի նկատմամբ
գրանցված ընկերության վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2048թ. ապրիլ
ամիսը:
Կարևոր
է արձանագրել, որ 200 հա հողատարածքի հատկացմանը «Պետական սահմանի մասին» ՀՀ
օրենքի հիման վրա, այդ թվում՝ հաշվի առնելով օրենքի այն դրույթը, որը վերաբերում է
ՀՀ պետական սահմանային գոտուն և որն էլ սկսվում է ՀՀ պետական սահմանագծից ծավալվել
դեպի ՀՀ տարածքի խորքը:
2020թ.
սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմից հետո՝ նոյեմբերի 25-ին ադրբեջանական զինված
ուժերը՝ զինվորական տեխնիկայով ու զինված ծառայողներով, պատերազմի սպառնալիքով
անսպասելիորեն ներխուժել են ընկերության տարածք, և ընկերության աշխատակիցներն
այլևս չեն կարողացել մուտք գործել այդ տարածք:
Արդյունքում՝
ինչպես նշվել է Պաշտպանին հասցեագրած բողոքում, գործարար ընկերությունը զրկվել է
իրենց հատկացված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի 200 հա
հողատարածքն օգտագործելու, 75 հա տարածքի վրա կառուցված հողմային էլեկտրակայանից՝
2 հողմակից ու դրանով ընկերությանը պատճառվել է մոտ 5,000,000 ԱՄՆ դոլարի չափով
վնաս:
Ընկերությունը
հաստատված ծրագրով նախատեսել է ընդհանուր առմամբ ունենալ 23 հողմակ մնացած ողջ 200
հա տարածքի վրա, որի ուսումնասիրություններն արդեն արված են եղել: Այսինքն՝
ընկերությունը զրկվել է նաև առանձնապես խոշոր չափի բաց թողնված օգուտներից, ինչպես
նաև տնտեսական գործունեությունը զարգացնելու հնարավորությունից:
Ստացվում
է՝ ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ արարքներով, զենքի կիրառության
սպառնալիքով ՀՀ քաղաքացի գործարարներին զրկել են միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ
Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից այն
տարածքում, որը նրանց հատկացվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Պետական սահմանի
մասին» ՀՀ օրենքի հիման վրա, ինչպես նաև հաստատվել Կառավարությունից անկախ ՀՀ
մարմինների որոշումներով:
Նշվածից
բացի, այս ամենի արդյունքում իրական սպառնալիքներ են առաջացել նաև բնակիչների
կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքների
համար: Հարցն այն է, որ այդ տարածքները օգտագործվել են նաև արոտավայրերի և
խոտհարքի համար, իսկ ներկայում արդեն դա դարձել է անհնար Ադրբեջանի զինված ուժերի
նշանառության տակ լինելու պատճառով, ինչը բնակիչների համար լուրջ խնդիրներ է
առաջացրել գյուղատնտեսության ու մասնավորապես՝ անասնապահության հարցերով:
Գործարարներն
օրինական գործունեությունն իրականացնելու համար իրենց հատկացված տարածքին առհասարակ
մոտենալ չեն կարող:
Այս
ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են Գեղամասար համայնքի
բնակիչները և համայնքային մարմինները, դա հաստատվել է նաև ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի գլխավորած պատվիրակության այցի ու Պաշտպանի աշխատակազմի
Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից տեղում շարունակական
ուսումնասիրությունների ընթացքում:
Ակնհայտ
է, որ ադրբեջանական զինված ուժերի այս գործողությունների արդյունքում, որոնք տեղի
են ունեցել ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով, խախտվել են ՀՀ քաղաքացիների տնտեսական
գործունեության միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված
իրավունքը, ինչպես նաև արոտավայրերից ու խոտհարքներից օգտվելու և այլ իրավունքներ: