ՀՀ Գեղարքունիքի մարզ իմ վերջին այցի ժամանակ սահմանային
դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմանների որոշման
գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների
ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել:
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք,
Նորաբակ, Կութ և այլ գյուղեր մեր այցերը, համայնքային մարմինների ու բնակիչների
հետ քննարկումները հաստատում են, որ այս տարածաշրջանի գյուղերի բնակիչները տարիներ
ի վեր զբաղվել են գյուղատնտեսությամբ ու մասնավորապես՝ հիմնականում
անասնապահությամբ: Այդ կերպ հոգացել են ընտանիքի կարիքները, իսկ հիմա վտանգված են
բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու մի շարք այլ իրավունքներ:
Ըստ գյուղացիների՝ դժվարություններ են առաջ գալու հատկապես գարնանից
սկսած: Վտանգները նրանում են, որ տարիների սովորության պատճառով մեծ է
հնարավորությունը, որ եղջերավոր կենդանիները կանցնեն Ադրբեջանի վերահսկողության
տակ գտնվող կողմ ու վերադարձնելու հնարավորություն չեն ունենա: Գյուղացիները
տեղեկացրել են, որ արդեն իսկ արձանագրվել է դեպք, երբ 34 ձի անցել է ադրբեջանական
տարածքներ, որոնք այլևս իրենց չեն վերադարձվել: Նրանք բարձրացրել են նաև կյանքի
իրավունքի և անվտանգության ապահովման հարցեր:
Այս հատվածում պատմականորեն մշտապես մեծ է եղել Մեծ և Փոքր Ալ
լճերի կամ Ալլագյոլերի (գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝
Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում), ինչպես նաև դեպի այդ լճեր ընկած
արոտավայրերի նշանակությունը: Մասնավորապես, գարնանից սկսած խոշոր եղջերավոր
կենդանիներին գյուղացիները տարիներ շարունակ արածացրել են, այդ թվում Վարդենիսից
ու այդ գյուղերից դեպի Ալ լճեր ընկած արոտավայրերում: Դրանից բացի, այդ տարածքների
խոտհարքներն ապահովել են Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջանների գյուղերի
անասնապահության համար նախատեսված խոտի զգալի մասը:
Ալ լճերի պատկանելիության, օգտագործման հարցերը Հայաստանի ու
Ադրբեջանի միջև սահմանային վեճերը քննող հանձնաժողովի կողմից քննվել են
Անդրկովկասյան դաշնության կազմավորումից հետո՝ 1923թ. սկսած, այդ թվում` 1925 ու
1927 թվականներին:
Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ այդ տարածքների, այդ
թվում՝ արոտավայրերի հարցն Ադրբեջանական իր օգտին հիմնավորում էր Քրդստանի գավառի
քոչվորների` այդ տարածքներից օգտվելու անհրաժեշտությամբ:
Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի
նիստում Դաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների սահմանային խնդիրներին
առնչվող հարցերի թվում քննարկվեց նաև արոտավայրի հարցը, ուր որոշվեց ամբողջ վիճելի
տարածքը հանձնել Քրդստանի գավառին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած արխիվային
փաստաթղթերից մեկը [որը հրապարակում եմ] վկայում է, որ դրանից հետո 1930 թ. նոյեմբերի
12-ին ՀՍԽՀ ԿԳԿ-ին ուղղված գրությունում հանրապետության Հողժողկոմատը բողոք է
ուղարկում այն մասին, որ նշված տարածքը «յուր դիրքով, ջրային պայմաններով և այլն
միանգամայն կտրված է Խ. Ադրբեջանի սահմանակից բոլոր շրջաններից (Քրդստան) և
Բասարգեչարի շրջանի շարունակությունն ու անբաժան մասն է կազմում: Նրա ռացիոնալ
օգտագործումը (խոտհարքներ ու ջրեր) կապված է Բասարգեչարի շրջանի գյուղերի հետ»:
Ուստի, առաջարկվում էր Անդրկենգործկոմին միջնորդել հարցը լրացուցիչ քննել:
Ընդ որում, հետաքրքիր է, որ 1920-ական թվականների քարտեզներում
Ալ լճերը Խորհրդային Հայաստանի անբաժան մասն են կազմում (առանձնացնում եմ
նշումով): Օրինակ՝ այս հաղորդմամբ հրապարակում եմ 1924 և 1926 թվականների
քարտեզներ, որոնցում պարզ երևում է լճերի ՀՍԽՀ մաս կազմելը (1926թ. քարտեզը
հրապարակվել է Մեծ խորհրդային հանրագիտարանում):
Այս տարածքների օգտագործման հարցերը մշտապես կապված են եղել
Խորհրդային Հայաստանի այդ տարածաշրջանների բնակիչների իրավունքների ու, առաջին
հերթին, տնտեսական, սեփականության, ընտանիքի ապրուստը հոգալու, ֆիզիկական
անվտանգության ու կենսական կարևորության այլ իրավունքների հետ:
Գեղարքունիքի մարզի նշված գյուղեր Մարդու իրավունքների
պաշտպանի գլխավորած պատվիրակության այցերի ընթացքում գյուղացիները նշել են, որ
իրենց նույն իրավունքների հետ կապված խնդիրները առաջ են եկել նաև հիմա:
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի պետական
սահմանների որոշման գործընթացն ուղղակիորեն կապված են բնակիչների իրավունքների հետ
ու լուծումները պետք է հիմնված լինել մասնագիտական մոտեցումների, տեղում
ուսումնասիրությունների, հանձնաժողովային աշխատանքների վրա: Միայն այդ կերպ
հնարավոր կլինի նպաստել մարդկանց իրավունքների երաշխավորմանը:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան