Սկզբունքային առումով անթույլատրելի է այն մոտեցումը, որով
Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «Հայաստանի
Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հետ:
Մարդու իրավունքների տեսանկյունից այս պնդումն ունի հետևյալ
հիմքերը.
1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին
կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ
են:
Դրանք չի կարելի նույնացնել ու առավել ևս երկրի պետական սահմանը չի
կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով կամ անգամ հիմք ընդունել այդ
կանոնները:
2. Այս մոտեցումն այլ հարցերի թվում մինչ այս պահը լուրջ խնդիրների
առաջ է կանգնեցրել մեր երկրի սահմանային բնակիչներին, լրջորեն վտանգել է ՀՀ
Սահմանադրությամբ երաշխավորված մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան
անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեությամբ զբավելու և կենսական
կարևորության այլ իրավունքներ կամ արդեն իսկ կոպտորեն խախտել է նրանց
իրավունքները: Այդ մոտեցումը վտանգել է նաև ՀՀ պետական սահմանների
անվտանգությունը:
3. Վերջապես, պետական սահմանի որոշման հարցերում որևէ մոտեցում կամ
սկզբունք ընտրելիս պետք է պատասխանել առնվազն երկու ստուգող հարցի ՝ 1) արդյոք
կիրառվող մոտեցումը վտանգում է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն
ու երկրի անվտանգությունը, 2) արդյոք կիրառվող մոտեցումը վտանգում կամ խախտում է
մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներն ու
արդյոք բխում է իրավունքի գերակայության պահանջից:
4. Նախ, ակնհայտ է, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային
բաժանման մասին» օրենքի կարգավորումները վերաբերում են վարչատարածքային միավորների
ներքին սահմանագծմանը և չեն կարող իրավական հիմք ծառայել այլ պետությունների հետ
սահմանների որոշման գործընթացների համար:
Այսինքն՝ այս օրենքը պարզապես վերաբերում է Հայաստանի մարզերի կամ
համայնքների վարչական սահմանների որոշմանը:
5. Հետևաբար, վարչատարածքային բաժանումը իրավական նշանակություն
կարող է ունենալ, երբ անհրաժեշտ է սահմանազատել, օրինակ, համայնքային մարմինների
կամ մարզերում տարածքային կառավարման մարմինների իրավասությունները իրենց
վերաբերող հարցերում:
6. Երկրի ներսում վարչատարածքային միավորների սահմանների որոշումը
կամ կոնկրետացումը կարևոր է այն դեպքերի համար, երբ, ասենք, կատարվել է հանցանք ու
անհրաժեշտ է որոշել, թե, օրինակ, քննչական մարմնի որ մարզային ստորաբաժանումը պետք
է գործը քննի կամ որ դատարանի դատական տարածքին է գործը վերաբերում:
7. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ
օրենքը չի կարող մեկնաբանվել ու առավել ևս վկայակոչվել` որպես իրավական հիմք այլ
պետության հետ մեր երկրի սահմանների տեղորոշման ու փոփոխության համար:
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ
օրենքը վկայակոչելը հիմնավորելու համար ճիշտ չէ օգտագործել փաստարկ այն մասին, թե
այն կիրառելի է օտար պետության հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացում, քանի որ
մեր երկրի վարչատարածքային միավորների արտաքին սահմանները նկարագրելիս օգտագործված
են «Ադրբեջանի Հանրապետություն» բառերը կամ խոսք է գնում այդ երկրի հետ սահմանների
մասին: ՀՀ սահմանների որոշման գործընթացում սա առավելագույնը կարող է լինել
օժանդակող, երկրորդական նշանակության գործոն:
Ադրբեջանի դեպքում առավել ևս մեր երկրի պետական սահմանների որոշման
իրավական հիմքերի թվում այդ օրենքը հիմք ընդունելը ու այն էլ հրապարակային
վկայակոչելը լուրջ վտանգներ է պարունակում, անգամ եթե օրենքն ունի թերություններ,
որոնք այդպես էլ ժամանակի ընթացքում չեն շտկվել: Դա չի բխում թե՛ մեր երկրի
անվտանգության ու սահմանների անխախտելիության, թե՛ մեր ժողովրդի իրավունքների
պաշտպանության հրամայականից:
8. Ըստ այդմ, Հայաստանի պետական սահմանի տեղորոշման ու փոփոխության,
սահմանակից պետությունների, սահմանամերձ շրջանների ու միջազգային հաղորդակցության
ուղիների հետ կապված հարցերն արդեն բոլորովին այլ նշանակություն ունեն և դրանց
հիմնական սկզբունքները կարգավորվում են «Պետական սահմանի մասին» օրենքով:
Այս օրենքը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնում է նշված
հարցերը լուծելիս, ի թիվս այլնի, ղեկավարվել Հայաստանի Հանրապետության տարածքային
ամբողջականության պաշտպանության ու անվտանգության ղեկավար սկզբունքներով: «Պետական
սահմանի մասին» օրենքը նաև ամրագրում է, որ պետական սահմանի պահպանությունը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի
մասն է, որը երաշխավորում է պետական սահմանի անձեռնմխելիությունը:
9. Պետական սահմանների որոշման հետ կապված՝ պետության
գործողությունների հիմքում պետք է լինի նաև մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի
ու իրավունքի գերակայության երաշխավորման հիմնարար սկբունքը:
Այս մասին են վկայում միջազգային չափանիշներն ու փորձը:
10. Առհասարակ, սահմանների որոշման գործընթացը պետք է
նախապատրաստվի ու իրականացվի հատուկ աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կողմից,
դրանք պետք է աշխատանքներ տանեն տեղերում, պետք է հատուկ այդ նպատակի համար լինեն
պատշաճ իրավական հիմքեր, ներգրավվեն հատուկ մասնագետներ և այլն: Ընդ որում, այն
սահմանակից երկու պետությունների մասնակցությամբ երկկողմ գործընթաց, որը պետք է լինի
կանխատեսելի ու հստակ:
11. Միջազգային պահանջների համաձայն՝ երկրի պետական սահմանները
որոշելու ժամանակ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի սահմանային բնակիչների
իրավունքներին, նրանց անշարժ գույքին կամ այլ սեփականությանը, սահմանային
բնակավայրերի կադաստրային տեղեկատվությանը վերաբերող հարցերին և այլն: Անհրաժեշտ է
նախապես պարզել այն մասնավոր սեփականատերերին, որոնք սահմանների որոշման
գործընթացի պատճառով զրկվելու են իրենց սեփականությունից (բնակարան, հողատարածք,
ձեռնարկատիրական մասնավոր օբյեկտ և այլն): Պետք է նկատի ունենալ, որ նրանք ունեն
հատուցում ստանալու արդարացի իրավունք:
12. Միջազգային պրակտիկայի համաձայն՝ սահմանների որոշման
գործընթացում պետության առաջնահերթ խնդիրներից է լուծել սահմանային բնակիչների
համար արտովայրերի ու անտառների, ջրային պաշարների անվտանգ օգտագործման
երաշխավորման հարցերը:
Այլ կերպ՝ գլխավոր չափանիշներից է այն, թե արդյոք սահմանների
որոշման գործընթացի արդյունքում երաշխավորվում են սահմանային բնակչության կյանքի
բնականոն պայմաններ, արդյոք լուծվում են բնակչության համար կենսական նշանակության
օբյեկտների օգտագործման կամ հասանելիության հարցերը:
13. 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուսումնասիրությունները Հայաստանի
սահմանային բնակավայրերում (Սյունիքի դեպքում՝ Տեղ, Խնածախ, Որոտան, Խոզնավար, Արավուս,
Ներքին Խնձորեսկ, Կապան և այլ համայնքներ, Գեղարքունիքի դեպքում՝ Գեղամասար, Սոթք,
Կութ, Նորաբակ, Տրետուկ և այլ համայնքներ), համայնքային մարմինների ու բնակիչների
հետ քննարկումները հաստատում են, որ լուրջ խնդիրներ կամ վտանգներ են առաջ եկել
մարդկանց իրավունքների, կենսական ապրուստը հոգալու տեսանկյունից:
Օրինակ՝ մի դեպքում մարդիկ զրկվել են գյուղատնտեսական նշանակության
մասնավոր ու համայնքային հողատարածքների, արոտավայրերի օգտագործման
հնարավորությունից, մեկ այլ դեպքում՝ վտանգվել է նրանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան
անձեռնմխելիության, սեփականության իրավունքները, երրորդ դեպքում՝ բոլոր խնդիրները
առկա են միաժամանակ:
Ընդ որում, խնդիրները բնույթով այնպիսին են, որ առաջացնելու են մեր
ողջ ժողովրդի համար ակնհայտ երկարաժամկետ բացասական հետևանքներ:
14. Ադրբեջանի դեպքում այդ երկրի հետ Հայաստանի սահմանների որոշման
հարցերը պետք է պարտադիր դիտարկել սահմանային բնակիչների ու նաև, առհասարակ,
Հայաստանի ողջ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ու գոյության, կյանքի, ֆիզիկական
և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու կենսական կարևորության մյուս
իրավունքների երաշխավորման համատեքստում:
Հարցն այն է, որ Ադրբեջանում ոչ միայն չի դադարել կազմակերպված
հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը, այլ նաև ավելի
զարգացել ու նոր դրսևորումներ է ստացել՝ Հայաստանի տարածքին ու ողջ բնակչությանն
ուղղված բացահայտ սպառնալիքներով:
Ավելին, այդ երկրի նախագահի ելույթների ու հռետորաբանության
ուսումնասիրությունը վկայում է ցեղասպանության սպառնալիքների մասին:
Այս պնդումները հաստատվում են Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանի ուսումնասիրություններով ու մեր հայրենակիցների իրավունքների կոպիտ
խախտումների մասին ապացույցներով, դրանց վերաբերյալ կազմված զեկույցներով:
15. Հետևաբար, սահմանների որոշմանը վերաբերող բոլոր հարցերը պետք է
մանրամասն հետազոտվեն, գնահատվեն մասնագետների կողմից, ենթարկվեն իրավական
վերլուծության, ամրագրվեն անհրաժեշտ իրավական հիմքերով:
Այդ ամենից հետո էլ արդեն կատարված աշխատանքի արդյունքները
պետությունը պետք է օգտագործի քաղաքական կամ այլ տեսակի բանակցություններում՝
անհրաժեշտ լուծումների հասնելու նպատակով:
16. Ուստի, սահմանային նշված հետազոտությունների ու
բանակցությունների առանցքում մեր պետության անվտանգության ու պետական սահմանների
անձեռնմխելիության երաշխավորման հարցերից բացի, պետք է լինեն Հայաստանի ողջ
բնակչության իրավունքների ու այդ գործընթացներում իրավունքի գերակայության
ապահովման պահանջները:
Այս ամենի լեգիտիմությունն էլ բխում է Հայաստանի Հանրապետության
ինքնիշխանության բարձր տիտղոսից ու այն երաշխավորելու հրամանայականից: