Մարդու
իրավունքների պաշտպանի ստորագրությամբ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական
հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել այն պետությունների
դատախազության ու ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդհանուր իրավազորություն
(general jurisdiction):
Այդ
հաղորդումները վերաբերում են ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր
հայրենակիցներին խոշտանգելուն, այդ թվում` գլխատումներին, անմարդկային
վերաբերմունքին, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին, մարմնի մասեր
կտրելուն և այլն:
Հաղորդումների
հետ միասին այդ երկրների իրավապահ մարմիններին է ներկայացվել օբյեկտիվ բնույթի 223
ապացույց՝ տեսանյութեր ու լուսանկարներ, այդ ապացույցների մանրամասն
վերլուծություններ:
103
տեսանյութ ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով
թարգմանվել, և թարգմանություներն ենթագրերով տեղադրվել են տեսանյութերում,
տեսանյութերում արվել են հնարավոր բոլոր իդենտիֆիկացումները:
Տեսանյութերն
ամրագրվել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լոգոյով՝ ի
նշան տեղեկությունների հավաստիության:
Իրավական
ամրագրում է ստացել և վերլուծվել 120 լուսանկար, այդ թվում՝ նրանք, որոնք
վերաբերում են ադրբեջանցի զինվորականների կողմից մեր ռազմագերիների սոցիալական
ցանցերն ապօրինի մուտք գործելուն ու դրանք ապօրինի կառավարելուն:
Հաղորդումների
մեջ ներառվել են հետևյալ հիմնական հարցերը.
1)
ռազմագերիների, քաղաքացիական անձանց ու վիրավորների կանխամտածված սպանություն,
2)
ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք,
3)
զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք,
4)
ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում.
5)
քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում.
6)
հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարում ադրբեջանցի
զինվորականների կողմից:
Տեսնենք`
ընթացքն ինչ ցույց կտա: Որքան հասկանում ենք,
Օմբուդսմանի կողմից նման հաղորդում ներկայացնելն առաջին փորձն է երբևէ:
Այս
հսկայածավալ աշխատանքը կատարվել է Պաշտպանի աշխատակազմի
ու փորձագետների ջանքերով:
Շնորհակալություն ենք հայտնում մեր
գործընկերներ Գուրգեն Պետրոսյանին (Gurgen Petrossian) և Մարիամ Մելքոնյանին
(Mariam Melkonyan) աջակցության համար: