Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սոցիալական ցանցերի մի շարք էջերում ու
խմբերում արձանագրել է կոչեր ու գրառումներ, որոնք վերաբերում են այսօր՝
դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելուն: Այդ
կոչերն ու գրառումներն ուղեկցվում են Հայ Առաքելական Եկեղեցու Հովվապետի՝ Ամենայն
Հայոց Կաթողիկոսին և այլ եկեղեցականներին ուղղված վիրավորանքներով, ատելություն
պարունակող խոսքով ու անգամ բռնության կոչերով:
Վիրավորանքը,
ատելության խոսքը կամ բռնության կոչերը չեն պաշտպանվում որևէ իրավունքով, այդ
թվում՝ դրանք հակասում են կարծիքի արտահայտման ազատությանը: Դրանք թույլատրելի չեն
նաև որևէ միջազգային պահանջով: Ուստի, այդպիսի մոտեցումները հակաիրավական են:
Ավելին,
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության 41-րդ հոդվածով երաշխավորված է
յուրաքանչյուր մարդու մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը: Այս իրավունքը, ըստ
Սահմանադրության, ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և
դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր
կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ
ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:
Սահմանադրական
այս երաշխիքները վերաբերում են Հայաստանում բոլոր տեսակի դավանանքներին, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պարագայում խոսքը գնում է
քաղաքացիների մեծամասնության մասին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի իր կանոնները, և դրանց
հիման վրա են տեղի ունենում եկեղեցական արարողությունները, որոնց ազատ
իրականացումը մեր պետությունը երաշխավորել է Սահմանադրությամբ ու օրենքներով:
Ավելին,
Հայաստանյաց Առաքելական
Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ
ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության
պահպանման գործում ճանաչված է Սահմանադրության մակարդակով:
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է բոլոր գործընթացների
մշտադիտարկում, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դիտարկման միջոցով:
Մեր երկրում ցանկացած արարք ու այլ
տեսակի նախաձեռնություն պետք է հիմքում ունենա իրավունքի գերակայությունը, միմյանց
նկատմամբ հարգանքն ու համերաշխության երաշխավորման հրամայականը: