Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների
պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական
գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների
վերաբերյալ:
Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և
ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված
թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային
միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) և
զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ: Դիտավորյալ թիրախավորման մասին է
վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ
նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա:
Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և
ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական
ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են
եղել ադրբեջանական զինված ուժերի համար: