Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում
խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Թեև
դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել
է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական
ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ
անթույլատրելի երևույթ է:
Այս օրերին տեղի ունեցող ընդդիմության զանգվածային ակցիաների
կազմակերպիչները պարտավոր են նկատի ունենալ, որ ընդդիմությունը նույնպես
պետականության ինստիտուտ է, ընդդիմությունից նույնպես կախված է երկրում մարդու
իրավունքների վիճակն ու համերաշխությունը , ուստի պետք է գործել ըստ այդմ:
Իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը
պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում:
Այս ամենին զուգահեռ, իրավապահ ու մյուս իրավասու պետական
մարմինները պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ իրենց սեփական
գործողություններում, թե՛ երկրում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում: