Մարդու իրավունքների պաշտպանը քիչ առաջ ավարտել է հայկական կողմի
գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների ապօրինի
տիրանալու ու այդ էջերը կառավարելու վերաբերյալ նոր ապացույցների հետազոտումն ու
իրավական ձևակերպումները:
Այս անգամ խոսքը վերաբերում է Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանի ձեռք բերած օբյեկտիվ բնույթի ապացույցների այն մասին, թե ինչպես են
ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով
ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ:
Կից նյութերում առկա տեքստի տառացի մեջբերումն է. «հենց թուրքըերը
հարձակվում են Արցախի վրա էս ղարաբաղցիք էլ հարձակվում են Երևանի վրա»: Տեքստի
մյուս մասը պարունակում է քաղաքական բովանդակություն ունեցող թշնամանք, ուստի այն
չեմ հրապարակում հասկանալի պատճառներով:
Ակնհայտ է, որ հայաստանցի-արցախցի արհեստական թեմայի շահարկումը,
այդ հիմքով ատելություն հրահրելը նպատակ ունի առաջացնել լարվածություն մեր
հասարակությունում՝ վտանգելով մեր համերաշխությունն ու համախմբվածությունը:
Պաշտպանի ձեռք բերած ապացույցները, իհարկե, շատ ավելին են: Այս
հրապարակումով ներկայացնում ենք դրանցից միայն մի քանիսը ՝ որպես մեկ դեպքով
օրինակ: Այս փուլի ապացույցները վերաբերում են պատերազմական գործողությունների
ժամանակաշրջանին:
Եվս մեկ անգամ խնդրում ենք ցուցաբերել զգուշություն սոցիալական
ցանցերից օգտվելիս, չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում
կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական,
քաղաքական և այլն):
Բոլոր ապացույցներն անհրաժեշտ իրավական ձևակերպումներով կուղարկվեն
միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: