Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի
ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ
Սահակյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական
վայրագությունների ու խաշտանգումների ապացույցներ, որոնք կատարվել են էթնիկ հայերի
նկատմամբ։
Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի իշխանություններն
արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես
էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող
հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման
գործընթացները՝ խաղալով հայ հասարակության հույզերի հետ։ Ադրբեջանը
չի հրապարակում նաեւ գերիների իրական թիվը:
Դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ է
գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը:
Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտել է մեղավորներին
պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը դեսպանին է փոխանցել ադրբեջանական
զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունների ու խոշտանգումների կոնկրետ
ապացույցներ։