Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները
կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են, ուղիղ
պատճառական կապի մեջ են: Խոսքը ոչ միայն ֆիզիկական դաժանությունների, այլ նաև
հոգեկան տառապանքների ու տանջանքների մասին է: Սրանք մարդու իրավունքների
ամենակոպիտ խախտումներ են:
Ընդ որում, առավել վտանգավոր են ոչ այնքան պարզապես հայասպանության
կոչերը, այլ էթնիկ ատելության սերմանումը խորքային արմատներով: Օրինակ՝ Արցախի հետ
կապված՝ Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումներն այն մասին, որ հայերը մզկիթներում
պահում են կովերի ու խոզերի, պղծում են ադրբեջանական կրոնական հուշարձանները: Կամ
կեղծ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն արժեքներ չունեցող երկիր է, որ
արհեստականորեն ստեղծված է ադրբեջանական հողերի վրա:
Ադրբեջանական զինծառայողների վարքագիծն ու խոսքը իրենց իսկ կատարած
ու հետո նկարահանած դաժանությունների տեսանյութերում հենց դա է հաստատում. ինչպես
իրենք են նշում, «վերժխնդիր են լինում, հագեցնում են արյան ծարավը» և այլն՝ ակնհայտ
իմանալով, որ ոչ միայն մնալու են անպատիժ, այլ արժանանալու են իշխանական ու
հասարակական մեծ գովասանքի:
Այսինքն՝ հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է
Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև
գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն խրախուսվում է մշակութային ու հանրային այլ
գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ ընդ որում, հաճախ երեխաների
հատուկ թիրախավորմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը
պատրաստվում է հրապարակել կոնկրետ ու օբյեկտիվ ապացույցներով այս ամենը հիմնավորող, հատուկ
սկզբունքով կազմված ծավալուն զեկույց՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ
համատեղ: