Քիչ
առաջ Սահմանադրական դատարանը կասեցրել է իմ դիմումով վիճարկվող՝ Ռազմական
դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների
գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում
գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիքի արտահայտման
և մամուլի ազատության սահմանափակմանը։
Այսինքն՝
խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու
մասին» կառավարության որոշման այն արգելքներին, որոնցով, ըստ էության, թույլ չէր
տրվում քննադատել որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար
անձի գործողություն, այդ թվում` ելույթներ, հրապարակումներ, որոնք կարող են
վերաբերել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության
ապահովմանը:
Կարևոր
եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ։ Դատարանը
կասեցրել է այդ դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը:
Իմ
դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի
դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա դեկտեմբերի 4-ին: Այդ
որոշմամբ է նաև քննարկվելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն
դրույթները, որոնք սահմանում են պատասխանատվություն ու տուգանքներ նշված
արգելքները խախտելու համար:
Հատուկ
արձանագրում եմ, որ դեռ նախագծային վիճակում, երբ այս նախագիծն ՀՀ կառավարությունն
ուղարկել էր Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի, մեր եզրակացությունը եղել է
բացասական, այդ թվում՝ հաշվի առնելով մարդկանց սահմանադրական իրավունքների
սահմանափակումների հարցը:
Սահմանադրական
դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած այս դիմումով ոչ թե բարձրացվել
է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ
սահմանափակումներն ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթները չեղարկելու
կամ դրանք զրոյացնելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության
անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը:
Իրազեկում․ ստորև, Կառավարության այն որոշման դրույթներն են, որոնք վիճարկում եմ դատարանում ու որոնց գործողությունն այսօր դատարանը կասեցրել է.
-
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական
դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող
գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող,
դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող
հաղորդումների հրապարակումն արգելվում է:
-
Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության
ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի
Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող
հաղորդումների հրապարակումը։
Արման
Թաթոյան
ՀՀ
մարդու իրավունքների պաշտպան