Համացանցում տարածվում են այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցազրույցը, որոնցում օգտագործվել են անթույլատրելի բառեր ու ձևակերպումներ:
Մասնավորապես, երկուսի խոսքում էլ օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» և այլ ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ:
Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորների՝ հանրային բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց: Երկու դեպքում էլ դատապարտելի է նման երևույթը:
Պետք է բացառել, ուղղակի վերացնել նման ձևակերպումները հատկապես հանրային քննարկումների տիրույթից ու հանրային խոսքից՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Դրանք լարվածություն առաջացնող բառեր ու ձևակերպումներ են:
Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունեալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարևոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում:
Սա պետք է նկատի ունենան հանրային ճանաչում ունեցող բոլոր անձինք, իսկ պետական կամ հանրային այլ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են հաշվի առնել, որ այդ արգելքները կազմում են իրենց իրավական կարգավիճակի պարտադիր մասը: