Սիրելի' հայրենակիցներ,
Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։ Դա միայն ավելացնում է լարվածությունը:
Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն:
Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ, ինչպես նշված է, այն պայմաններում, երբ երեխան է եղել մեքենայի մեջ: ՀՀ ԱԺ նախագահին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Դատապարտելի է այն, որ հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը: Ինչպես վկայում են այս պահի տվյալները, տեղի է ունեցել լրատվամիջոցի գույքի ու տեխնիկայի նկատմամբ հարձակման փորձ, ինչպես նաև, ըստ այս պահի տվյալների, հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա: Բացի այն, որ նման արարքները օրենքով արգելված են, այս դժվար օրերին լրատվամիջոցները կարևորագույն գործառույթներ են կատարում:
Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ամեն պահ, որ մենք ունենք պետություն, որտեղ գործում են օրենքներ ու մեր պետությունում կան պատասխանատու մարմիններ, որոնք պարտավոր են գործել այդ օրենքներին ու իրավունքին համապատասխան:
Մեր այդ պետականությունն են հիմա պաշտպանում մեր հերոս զինվորները սահմանին:
Աստված պահապան մեր ժողովրդին, Հայաստանին ու Արցախին:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան