ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ
և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Հանդիպման
ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված
ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ
արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական
ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։
Արման
Թաթոյանը ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին Նիցցայի Աստվածամոր տաճարում
տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և դեսպանին իր մտահոգությունը հայտնել վերջին
օրերին Ֆրանսիայում էթնիկ հայերի դեմ ատելության հիմքով իրականացված ակցիաների առնչությամբ՝
կարևորելով հայերի անվտագության և իրավունքների պաշտպանության հարցերը։
Հայաստանում
Ֆրանսիայի դեսպան Ժ․ Լաքոտը խստորեն դատապարտել է ազգությամբ հայերի դեմ վանդալիզմի
և հարձակման դեպքերը և տեղեկացրել, որ
այսօրվանից Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական
ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝
ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի
էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիների դեմ հարձակումներ գործելու, ատելություն
հրահրելու կոչեր անելու համար։
Հանրահայտ
փաստ է, որ ինչպես 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա Արցախում
խոշտանգումները, վայրագություններն ու դաժանություններն ադրբեջանական զինված ուժերի կազմում
կատարում են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները կամ իրականացվում
է նրանց մեթոդներով։
Մարդու
իրավունքների պաշտպանն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել դեսպանին այս կարևորագույն
որոշման համար: