Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել օբյեկտիվ
բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են
սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել
այդ էջերը:
Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ
օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից: Այս
պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ
կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:
Հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն:
Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին
թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող
նյութեր:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է
հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝
ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից:
Ուստի, պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական
ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:
Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է ընդամենը մի քանի
ապացույց: Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանի կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու
նպատակով: