Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային
խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝
արժանանալով հասարակության գովասանքին:
Ընդ որում, ոճն ու օգտագործվող բառերը գրեթե չեն տարբերվում
պետական պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների հայատյաց խոսքից ու
ելույթներից:
Այդ ամենը հաստատող փաստերը հավաքագրվել են Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանի մշտադիտարկմամբ:
Ադրբեջանական զինված ուժերի ներկայիս թիրախային հարձակումները
խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, նրանց պատճառած զանգվածային ավերածությունները,
վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը տարիներով արմատավորված ու
համակարգային հայատյացության արդյունք են:
Տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու
հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական
պարգևների:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին
պարբերաբար ներկայացնում է հայատյացության մասին ապացույցներ: Այս անգամ խոսքը
վերաբերում է մշակութային գործիչներին և մտավորականներին:
Պետական ու քաղաքական գործիչների հետ միասին մշակութային
գործիչների, մտավորականների կողմից հայատյացություն պարունակող ելույթներն ու
խոսքը նշանակում է, որ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ ատելության տարածումը
հայտնվում է փակ շղթային մեջ ու խրախուսվում բոլոր կողմերից: