Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում են թիրախային հարձակումներ:
Ակնհայտ է, որ առանց տարբերակման (indiscriminate) հարձակումների մտադրությունն է խաղաղ բնակավայրերին պատճառել հնարավորին մեծ վնաս, այդ թվում՝ սպանություններ ու ավերածություններ:
Այդ մասին վկայում են ոչ միայն ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային թիրախային հարձակումները, արդեն իսկ դրանց առաջացրած ծանր հետևանքները, այլ նաև արգելված զինատեսակների անընդհատ օգտագործումը քաղաքների ու գյուղերի նկատմամբ:
Նշվածին պետք է ավելացնել արդեն ապացույցներով հաստատված փաստի՝ վարձկանների օգտագործումը, ինչպես նաև էթնիկ հայերի նկատմամբ լայնածավալ ատելության խոսքն ու բռնության, այդ թվում՝ սպանության կոչերը, որոնք ունեն պետական աջակցություն:
Եվ արդեն ակնհայտ է, որ այս ամենը վկայում է էթնիկ զտումների նպատակի ու հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին: