Երեկ՝ սեպտեմբերի 27-ին Արցախի,
այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրթիռային
ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության
խոսքով:
Զանգվածային լրատվության միջոցների
և հատկապես սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վեր է հանել ատելության և բռնության,
այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից:
Գործում են մեծ թվով էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են էթնիկ հայերի նկատմամբ ատելություն
սերմանող, բռնության, այդ թվում՝ սպանությունների ու ավերածությունների տեսարաններ
ու կոչեր պարունակող տեսանյութեր ու տեքստեր: Առկա են նաև զգալի թվով հայկական անուն-ազգանուններով
կեղծ էջեր, որոնցից նաև հայերենով սպառնալիք պարունակող ու ահաբեկող հաղորդագրություններ
են ուղարկվում հայ իրական օգտատերերին:
Մարդու իրավունքների պաշտպանի սեպտեմբերի
27-ի և 28-ի մշտադիտարկումը վկայում է, որ նշված նյութերը տարածվում են «Ֆեյսբուք»,
«Թվիթեր», «ՏիկՏոկ» և սոցիալական այլ ցանցերով: Նշված նյութերով թիրախավորվում են հայ
օգտատերեր, այդ թվում՝ անչափահասներ: Ընդ որում, առավել ագրեսիվ նյութեր են տարածվում
«ՏիկՏոկ» սոցիալական ցանցով՝ նպատակ ունենալով առաջացնել վախ ու տագնապ խաղաղ բնակչության
շրջանում: Մասնագետների հետ Մարդու իրավունքների պաշտպանի քննարկումները վկայում են,
որ սոցիալական այդ ցանցն առավել վտանգավոր է, քանի որ դրանք վերահսկելը շատ հարցերում
հնարավոր չէ:
Ուստի, ծնողներին և երեխաներին
խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին
բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը:
Մարդու իրավունքների պաշտպանն այս
մշտադիտարկման փաստագրված արդյունքները կուղարկի միջազգային կառույցներին:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան