ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին
քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների
վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային,
այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով:
Սա հատուկ ընթացակարգ է ու այսպիսի
հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների
ազգային հաստատությունները:
Հաղորդումն ուղարկվել է նաև միջազգային
այլ կառույցների: Դրանում ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ
ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով: Հաղորդման
մեջ եզրահանգումներ են արված այն մասին, որ իրական վտանգի տակ են երեխաների, կանանց,
տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը,
դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները:
Մենք շարունակում ենք համագործակցությունն
ու անմիջական կապի պահպանումը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանին դիմող Արցախի հայ բնակչության հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան