Ոստիկանության
գործողությունները դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդկանց տուգանելու
և Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ կապված դառնում են մտահոգիչ ու համակարգային
առումով ստանում ոչ ճիշտ զարգացումներ:
1. Ակնհայտ
է, որ առհասարակ, որպես անհատական պաշտպանության միջոց, դիմակ կրելու պահանջի նպատակը
նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելումը կամ այդ վարակի տարածման դեմ
պայքարն է: Հենց այդ հիմնարար նպատակին էլ պետք է ուղղված լինի պետության ցանկացած այն մարմնի կամ
պաշտոնատար անձի գործունեությունը, որն այս հարցերում ունի օրենքով սահմանված գործառույթներ:
2. Դիմակ
չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդուն բերման ենթարկելու կամ որ նույնն
է՝ ազատությունից զրկելու, նրան վարչական տուգանքի
ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության գործող պրակտիկան անթույլատրելի դրսևորումներ
է ստանում:
3. Բերման
ենթարկված կամ ազատությունից զրկված մարդու նվազագույն իրավունքները չեն ապահովվում,
խախտվում է ազատությունից զրկելու պատճառները մարդուն պատշաճ ներկայացնելու պարտադիր
պահանջը, խնդիրներ են արձանագրվում բերման ենթարկելու առնչությամբ կազմվող փաստաթղթերում
և այլն:
4. Արձանագրվում
են քաղաքացուն մոտեցած ոստիկանի օրենքից չբխող պահվածքի, քաղաքացու հետ շփման հարցում
անորոշության և նրան անընդունելի ձևով բերման ենթարկելու, այդ ընթացքում անհամաչափ
ուժ գործադրելու դեպքեր:
Անընդունելի
են բոլոր այն դեպքերը, երբ քաղաքացին ունի դիմակ, սակայն ոստիկանի իրավական ներգործությանն է արժանանում անձը հաստատող փաստաթուղթ չունենալու
համար ու, առհասարակ, ինքնին անձը հաստատող փաստաթուղթ չունենալը պատասխանատվության
ենթարկելու կամ քաղաքացու նկատմամբ իրավական ներգործության ինքնավար հիմք լինել չի
կարող և վերջ:
5. Առանց
այն էլ բերման ենթարկելու համակարգում առկա համակարգային խնդիրների պայմաններում արտակարգ
դրությունից սկսած ձևավորված այս նոր պրակտիկան
ավելի է խորացնում առկա խնդիրները:
Այս ամենն
իր հերթին երկրում առաջացնում է լրացուցիչ լարվածություն առանց այն էլ նոր կորոնավիրուսային
վարակի առաջացրած դժվարությունների պայմաններում:
6. Ակնհայտ
է, որ դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար վարչական տուգանքն ու մարդուն
ազատությունից զրկելը ստանում են պատժիչ
բնույթ: Սա անընդունելի ու մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից վտանգավոր մոտեցում
է:
Իրականում,
այդ գործողությունների նպատակը պետք է լինի նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն
աջակցելը, երկրում համերաշխության
մթնոլորտ ապահովելուն նպաստելը. սա է այն ղեկավար սկզբունքը, որով պետք է ղեկավարվել:
7. Մյուս
կողմից, ակնհայտ է, որ ոստիկաններն իրենք են դարձել գոյություն ունեցող անորոշ կարգավորումների
«իրավական զոհը»: Այս ոլորտի օրենսդրությունն այդպես էլ չունեցավ կոնկրետության անհրաժեշտ
աստիճան, չստացավ բավարար կանխատեսելիություն թե՛ քաղաքացու, թե՛ Ոստիկանության ծառայողի
համար:
Ոստիկանության
ծառայողների համար պետք է առկա լինեն մանրամասն կանոններ կամ ուղեցույցեր, որոնք նախատեսված կլինեն հենց նոր կորոնավիրուսային համավարակի
պայմաններում նրանց աշխատանքի համար:
8. Բերման
ենթարկելն իրականում պետք է լինի վերջին միջոց և գործադրվի միայն այն բացառիկ դեպքերում,
երբ քաղաքացուն մոտեցած ոստիկանը սպառել
է իրեն օրենքով հասանելի բոլոր մյուս միջոցները, և դա պահանջված է կոնկրետ իրավիճակի
պայմաններով: Ոստիկանը պետք է ցուցաբերի նաև անհատական մոտեցում իր գործողություններն իրականացնելիս՝ յուրաքանչյուր
դեպքի առանձնահատկությունները հաշվի
առնելով:
9. Յուրաքանչյուր
ոստիկան պետք է հստակ գիտակցի, որ բերման ենթարկելն ազատությունից զրկել է և հենց ինքն
է պետության այն ներկայացուցիչը, որ պարտավոր է երաշխավորել այն մարդու իրավունքները,
ում ինքը մոտեցել է կամ ում նկատմամբ պատրաստվում է ներգործուության միջոց կիրառել
(բերման կամ տուգանքի ենթարկել և այլն):
Անհրաժեշտության
դեպքում ոստիկանը պետք է քաղաքացուն տրամադրի դիմակ, այլ ոչ թե Ոստիկանության բաժին
հարկադրաբար տանելը դիտարկի՝ որպես հիմնական ու այն էլ առաջնային այլընտրանք:
10. Ոստիկանը
յուրաքանչյուր պահանջվող դեպքում քաղաքացուն պետք է պարզաբանի դիմակ կրելու պահանջի էությունը, դիմակ չկրելու կամ դիմակը ոչ
պատշաճ կրելու հետևանքները: Ոստիկանը պետք է նաև պատշաճ տիրապետի այն իրավախախտման
հատկանիշներին, որի համար անձի նկատմամբ կիրառում է ներգործության միջոց:
Ոստիկանները
պետք է անցնեն նվազագույն պահանջները բավարարող դասընթացներ, որպեսզի կարողանան քաղաքացուն
բացատրել դիմակ չկրելու թե՛ իրավական, թե՛ առողջապահական
հետևանքները, իսկ անհրաժեշտության դեպքում ցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն:
11. Վերջապես,
յուրաքանչյուր անգամ ոստիկանների գործողությունների առնչությամբ
նշանակվող ծառայողական քննություններն առանց նկարագրված համակարգային խնդիրները լուծելու
իրական արդյունք տալ չեն կարող:
Նման պայմաններում
այդ ծառայողական քննությունները պարզապես ձեռք են բերում դրվագային ու այն էլ ոչ արդյունավետ
նշանակություն կոնկրետ միջադեպերով արձանագրվող խնդիրները
լուծելու տեսանկյունից,
և
պատրանքային են դառնում տարիներով կուտակված համակարգային խնդիրները լուծելու տեսանկյունից:
12. Այս
բոլոր դիտարկումներս հիմնված
են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Ոստիկանության բաժիններ մեր
այցերի, ինչպես նաև դիտարկումների արդյունքների վրա: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
նախաձեռնված վարույթներով իրականացվում են կոնկրետ գործողություններ քաղաքացիների իրավունքների
պաշտպանության ուղղությամբ:
13. Հատուկ
արձանագրում եմ, որ այս գրառումը չի առնչվում այն հարցին, թե դիմակն ինչ կանխարգելիչ
նշանակություն ունի: Այս գրառումը նպատակ չունի նաև գնահատելու դիմակ կրելու անհրաժեշտությունը,
այդ թվում՝ փակ կամ բաց տարածքներում:
Արման
Թաթոյան
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան