Եթերի ժամանակ դիմակ կրելուն վերաբերող կարգավորումների
ուսումնասիրությունը Մարդու իրավունքների պաշտպանին թույլ է տալիս եզրահանգել, որ օրենսդրական
տեխնիկայի տեսանկյունից սահմանված են բարդ կամ հստակության բավարար աստիճան չունեցող
ձևակերպումներ, որոնք լրագրողական մասնագիտական հանրության շրջանում կարող էին առաջացնել
և առաջացրել են անորոշություններ:
Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել
է «Եթերի ժամանակ տաղավարում նոր կորոնավիրուսային
(COVID-19) համավարակի պայմաններում դիմակ կրելու պարտադիր պահանջի վերաբերյալ» արտահերթ
զեկույցում:
Արտահերթ զեկույցը
կազմելիս հիմք են ընդունվել Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր
բողոքները, լրագրողների մտահոգությունները, Ժուռնալիստների միության նախագահի բողոքը,
«Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունների գրասենյակներ Ոստիկանության այցերը,
հեռուստաեթերում լրագրողների դիմակ չկրելու համար վարչական իրավախախտում արձանագրելու
իրավական հիմքերը, այդ առնչությամբ բողոքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի
դիտարկումների արդյունքները։
Պաշտպանին հասցեագրված
բողոքների գլխավոր հարցն առնչվում է եթերի ժամանակ հեռուստատեսային տաղավարում լրագրողների
և հարցազրույցի կամ քննարկման հրավիրված հյուրերի դիմակ կրելու պարտադիր պահանջին,
ինչպես նաև այդ պահանջի իրավական հիմքերի անորոշությանը և հատուկ կարգավորումների բացակայությանը:
Հարկ ենք համարում
ընդգծել, որ զեկույցը նպատակ չունի գնահատելու դիմակ կրելու արդյունավետությունը վարակը
կանխարգելելու տեսանկյունից կամ որոնք պետք է լինեն վարակի կանխարգելման միջոցները։
Արտահերթ հրապարակային զեկույցում Մարդու իրավունքների
պաշտպանը նշել է, որ լրագրողական պաշտպանված աշխատանքը երաշխավորելու պետության պարտավորությունը
յուրահատուկ բնույթ է ստանում այնպիսի բարդ իրավիճակներում, ինչպիսիք են արտակարգ իրավիճակները,
համաճարակները, արտակարգ դրությունները և այլն: Բանն այն է, որ նման իրավիճակներում
մարդու համար լայն ծավալի սահմանափակումներ ու նրա իրավունքներին բարձր աստիճանի միջամտություններ
սահմանելը չի նշանակում, թե պետությունը դրանով մարդու նկատմամբ ձեռք է բերում առավելություններ
կամ արտոնություններ: Հակառակը՝ պետությունն այդ կերպ ավելի է մեծացնում իր իրավական
բեռը, մարդու հանդեպ պատասխանատվության աստիճանն ու ջանասիրության չափանիշը:
Մարդու իրավունքների
պաշտպանը դիմումների, լրագրողների բողոքների, ինչպես նաև անկախ դիտարկումների եւ միջազգային
փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա նախաձեռնել է նպատակային ուսումնասիրություն,
ինչպես նաեւ Պաշտպանի նախաձեռնությամբ նկարագրված հարցերը քննարկվել են Հայաստանի Հանրապետության
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարի, ինչպես նաև Հայաստանի ժուռնալիստների
միության նախագահի, նշված լրատվական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի եզրահանգումները վերաբերում են
հիմնականում հետևյալին.
1.
Լրատվական գործունեություն իրականացնողների ու լրագրողների
համար մասնագիտական աշխատանքի հատուկ կանոններ
սահմանված չեն: Խոսքը վերաբերում է ինչպես աշխատանքի ընդհանուր կազմակերպմանը,
այնպես էլ առանձին պահանջների ապահովմանը լրագրողական աշխատանքում: Այսինքն՝ ստացվում
է, որ մեր երկրում գործող կարգավորումների պայմաններում լրատվական գործունեություն իրականացնողների
կամ լրագրողն իր աշխատանքային պարտականությունները կատարելիս
ստիպված է առաջնորդվել միայն ընդհանուր բնույթի կամ գործունեության այլ տեսակների,
ոչ իր համար սահմանված կանոններով: Ասվածը վերաբերում է ինչպես դիմակ կրելու պարտադիր
պահանջին, այնպես էլ մյուս կանոններին: Այդ կանոններն, իհարկե, հաշվի չեն առնում լրագրողական
աշխատանքի առանձնահատկությունները: Այս ամենն էլ իր հերթին լրագրողական աշխատանքում
ներգրավված անձանց ու կազմակերպություններին զրկում է կանխատեսելիությունից, ստեղծում
է անորոշ վիճակ, հնարավորություն չի տալիս հստակ պատկերացում կազմելու իրենց վարքագծի
իրավական հետևանքների մասին:
2.
Ավելին, Մարդու
իրավունքների պաշտպանի դիտարկումը վկայում է, որ որևէ պետական մարմին լրագրողների համար
չի իրականացրել իրենց մասնագիտական աշխատանքին վերաբերող անհրաժեշտ իրազեկման աշխատանքներ:
Առավելագույնը հարցը սահմանափակվել է որևէ պետական մարմնի մեկ կամ երկու ու այն էլ
առանձին դեպքերում հակասական հայտարարությամբ կամ էլ իրավական ակտերի բարդ տեքստերի
պաշտոնական հրապարակմամբ: Մինչդեռ, լայն
իրազեկման ու պարզաբանող աշխատանքները կարևոր էին՝ հատկապես հաշվի առնելով, որ առանց
այդ էլ առկա չեն համավարակի պայմաններում հատուկ կանոններ, չկան աշխատանքի իրավական
ուղեցույցեր:
3.
Այս վիճակն անընդունելի
է նաև այն առումով, որ անորոշ վիճակում են հայտնվում պետական այն մարմիններն ու պաշտոնատար
անձինք (Ոստիկանություն, Տեսչական մարմին և այլն), որոնք պարտականություն ունեն ապահովելու
համավարակի դեմ պայքարի նպատակով սահմանված պահանջների պատշաճ կիրառությունը կամ վերահսկողություն
իրականացնելու դրանց նկատմամբ: Մասնավորապես, դիտարկումը վկայում է, որ նրանց համար
առկա չէ հստակություն, թե ինչպես պետք է իրականացվի այս կամ այն կանոնի կիրառությունը,
օրինակ, լրագրողների աշխատանքում: Իրավական կոնկրետության, հստակության բացակայությունն
էլ վտանգավոր է այն առումով, որ կարող է կասկածի տակ դնել պետական մարմնի կամ պաշտոնատար
անձի իրավասության առկայության հարցն առհասարակ (հատկապես, երբ խոսքը վերաբերում է
վերահսկողությանը կամ պատասխանատվության միջոցների կիրառությանը):
4.
Մարդու իրավունքների
պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անթույլատրելի է լրատվական գործունեություն իրականացնողների գործունեությունը կամ լրագրողական աշխատանքը զուտ տնտեսական
դիտարկելը՝ առանց հաշվի առնելու այդ աշխատանքի առանձնահատկություններն ու հանրային
նշանակությունը: Դա անթույլատրելի է լրագրողական գործունեության բովանդակության և դրա
կազմակերպական առանձնահատկությունների հաշվառմամբ: Նշենք, որ հենց այդ հիմքով են տուգանվել
նաև «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները:
5.
Միջազգային փորձի
ուսումնասիրությունը վկայում է, որ այնուամենայնիվ, գոյություն ունի լրագրողական մասնագիտական
գործունեությանն առնչվող հատուկ կանոններ ամրագրելու փորձ: Այդ գործունեության առանձնահատկություններով
պայմանավորված՝ տարբեր երկրներում մշակվել են COVID-19-ի պայմաններում հեռուստատեսության
կամ այլ տեսակի լրատվական կազմակերպությունների աշխատանքին վերաբերող
ուղեցույցներ: Ընդ որում, գրեթե բոլոր ուղեցույցներով անհատական պաշտպանիչ միջոցներ,
այդ թվում՝ դիմակներ կրելու պարտականություն նախատեսված է միայն, երբ աշխատանքային
տարածքում հնարավոր չէ այլ անձանցից պահպանել ֆիզիկական (սոցիալական) հեռավորություն:
6.
Գործող կարգավորմամբ,
դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի
հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ, ինչպես նաև հեռուստահաղորդումների
հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները: Նոր կարգավորումից
պարզ չէ, սակայն, թե ինչ է նշանակում «տաղավարում գտնվում են մենակ» կամ կոնկրետ ում
է դա վերաբերում: Բանն այն է, որ հեռուստատեսային տաղավարում նկարահանման պահին մեկնաբանից
կամ հաղորդավարից բացի կարող են գտնվել այլ աշխատակիցներ ևս, օրինակ՝ օպերատորներ:
Պարզ չէ, թե այս եզրույթը ներառում է տաղավարում միայնակ գտնվելը, թե հեռուստադիտողի
համար տեսանելի հատվածում միայնակ գտնվելը: Չի բացառվում, որ, օրինակ, հեռարձակման
ժամանակ հեռուստահաղորդավարին 1.5 մետր հեռավորությունից մոտ գտնվի նաև այլ աշխատակից,
սակայն հեռուստադիտողի համար դա տեսանելի չլինի: Ուստի, եթե հարցը դիտարկում ենք համավարակի
կանխարգելման զուտ առողջապահական տեսանկյունից, ապա այս կարգավորման արդյունավետությունը
թվում է խնդրահարույց:
7.
Այն պայմաններում,
երբ երկրում առկա է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, անընդունելի է Հանձնաժողովի
համար նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների կիրառման
հարցում անհրաժեշտ լիազորություններ չվերապահելը: Հանձնաժողովն է այս ոլորտի մասնագիտական
հիմնական մարմինը, ուստի հենց նա է օժտված նաև անհրաժեշտ մասնագիտական կարողություններով
ու լրատվական գործունեություն իրականացնողների, լրագրողների հետ աշխատանքի անհրաժեշտ հմտություններով: Այլ
հարց է, որ նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում հանձնաժողովը պետք է ունենա
լրացուցիչ մասնագիտական հմտություններ. դրա հնարավոր բացակայությունն էլ, սակայն կարող
է պայմանավորված լինել նրանով, որ Հանձնաժողովին վերապահված չեն անհրաժեշտ լիազորություններ:
8.
Հանձնաժողովը
պետք է ունենա համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ու նաև արտակարգ
դրությունից հետո հատուկ կանոններ կամ չափանիշներ սահմանելու իրավասություն, որոնք
կվերաբերեն լրագրողական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը: Հանձնաժողովն
ինքը պետք է իրավասություն ունենա իրականացնելու այդ կանոնների պահպանության նկատմամբ
վերահսկողություն ու անհրաժեշտության դեպքում՝ կիրառել պատասխանատվության միջոցներ:
Խոսքը հավասարապես վերաբերում է նաև հեռուստաեթերի ընթացքում դիմակ կրելու պահանջի
հետ կապված հարցերին ու դրա հետ կապված՝ պատասխանատվության միջոցներ կիրառելուն: Նման
դիրքորոշում է հայտնել նաև Հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանի հետ
քննարկումների ընթացքում:
9.
Ուստի, անընդունելի է հատուկ կարգավիճակով օժտված
(և սահմանադրական մակարդակում ամրագրված) մարմնի առկայության պայմաններում որևէ այլ
մարմնի ու առավել ևս Ոստիկանության կողմից նման որևէ տեսակի իրավասություն իրականացնելը:
Այս արձանագրումն առավել ևս արդիական է՝ հաշվի առնելով, որ այդ մարմինները չունեն հստակ
ամրագրում ունեցող նման լիազորություններ (հնարավոր խախտումներ վեր հանելու նպատակով
հեռուստատեսության աշխատանքը մշտադիտարկման ենթարկելը, հեռուստատեսության գրասենյակ
այցելելը և այլն):
Մարդու իրավունքների
պաշտպանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակն
այնպիսին է, որ դրա պայմաններում լրագրողական մասնագիտական աշխատանքի երաշխավորման
հարցերը շարունակելու են լինել Պաշտպանի ուշադրության ներքո նաև արտակարգ դրության
ավարտից հետո: Ուստի, սույն արտահերթ զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծություններն
ու առաջարկները ներկայացված են հենց այդպիսի հեռահար լույսի ներքո:
Մանրամասները՝ զեկույցում: