Մարդու
իրավունքների պաշտպանին են հասցեագրվել մի շարք դիմում-բողոքներ աշակերտներից և
նրանց ծնողներից 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում
երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ:
Պաշտպանն այս հաղորդման հենց
սկզբում հարկ է համարում արձանագրել, որ դպրոցներում ու, առհասարակ, երեխաների
շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելումն ու
տարածման դեմ պայքարն առաջնահերթ կարևորության հարցեր են:
Այնուամենայնիվ,
հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքները, ինչպես նաև
սոցիալական մեդիայում տեղ գտած մտահոգությունները՝ դպրոցներում դասերի
կազմակերպման վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու և նաև երեխաների
իրավունքների ապահովման նկատառումով մշտադիտարկում իրականացնելու նպատակով մի շարք
հարցադրումներ են ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն:
Նախ, Նախարարությունից պահանջվել են դպրոցներում դիմակ կրելու հետ կապված իրավական կարգավորումները կամ ընդունված այլ փաստաթղթեր, ինչպես նաև այնպիսիք, որոնք վերաբերում են սահմանված պահանջների բնույթին ու այդ պահանջներից հնարավոր բացառություններին:
Ուղարկված հիմնական հարցադրումներից
են նաև՝
1. արդյո՞ք դպրոցներում դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջը վերաբերելու է նաև ուսուցիչներին.
2. ո՞վ է իրականացնելու վերահսկողությունը դպրոցում երեխաների, ինչպես նաև ուսուցիչների կողմից դիմակ կրելու պահանջի պահպանման նկատմամբ և ինչպե՞ս է դա իրականացվելու՝ ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ ընդմիջումների ժամանակ: Նույն հարցադրումն արվել է նաև
համաճարակային մյուս կանոնների պահպանման առնչությամբ (ձեռքերի ախտահանում և
այլն).
3. դասերի ընթացքում դիմակ կրելու պահանջը սահմանելուն ի՞նչ մասնագիտական, այդ թվում՝ մանկավարժական ու բժշկական քննարկումներ կամ ուսումնասիրություններ են նախորդել և ի՞նչ արդյունքներ են դրանք ունեցել.
4. դասերի ընթացքում երեխաների դիմակ կրելու պահանջը սահմանելիս միջազգային ի՞նչ պահանջներ կամ փորձ է հիմք ընդունվել, արդյո՞ք իրականացվել են այդպիսի ուսումնասիրություններ.
5. արդյո՞ք առաջանալու են իրավական հետևանքներ այն երեխաների նկատմամբ, ովքեր չեն պահպանում դիմակ կրելու պահանջը, եթե այո, ապա ի՞նչ հետևանքների կամ, օրինակ, պատասխանատվության միջոցների մասին է խոսքը, և կոնկրետ ու՞մ նկատմամբ են դրանք կիրառվելու.
6. ի՞նչպես է ապահովվելու այն երեխաների կրթության իրավունքը ովքեր դիմակ չեն կրում կամ չեն պահպանում դիմակ կրելու պահանջը.
7. արդյո՞ք դպրոցներում երեխաներին տրամադրվելու են դիմակներ կամ արդյո՞ք դա պարտավոր են լինելու ապահովել ծնողները:
Այս առնչությամբ, Պաշտպանն արձանագրում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին, մասնավորապես՝ հաշվի առնելով այն, որ դասերն անցկացվելու են 6-օրյա աշխատանքային ռեժիմով, ինչպես նաև առկա է օրվա ընթացքում որոշակի հաճախականությամբ դիմակները փոխելու անհրաժեշտություն: Հաշվի առնվելու՞ են, օրինակ, դիմակների
տեսակները, որոնք երեխան կրում է.
8. արդյո՞ք նախատեսվելու են դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջից բացառություններ՝ հիմք ընդունելով, օրինակ, երեխայի առողջական վիճակը և նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս հարցը լուծվելու է ընդհանուր կարգավորումների ուժով, թե առկա են հատուկ կարգավորումներ նախատեսված երեխաների համար.
9. դիմակ կրելու պարտադիր պահանջի սահմանման պայմաններում արդյո՞ք հաշվի են առնվել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության հարցը, օրինակ, ներառական կրթություն ապահովող դպրոցներում: Օրինակ, այդպիսի հարց է առաջ գալիս՝ կապված լսողական խնդիրներ ունեցող երեխաների հետ, որոնց հաղորդակցությունը տեղի է ունենում ժեստերի լեզվի, այդ թվում՝ առավել հաճախ հենց դիմախաղի միջոցով.
10. ինչպե՞ս են կազմակերպվելու ընդմիջումները:
Հարցադրումները
ներառում են նաև հարցեր, որոնք վերաբերում են համաճարակային այլ կանոնների
պահպանման կազմակերպմանը: