Մարդու իրավունքների պաշտպանը Վանաձորի Շառլ
Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով
ուսումնասիրություն է նախաձեռնել և պարզաբանումների պահանջով գրություններ
հասցեագրել իրավասու պետական մարմիններին:
Խնդրի բազմակողմանի և համապարփակ
ուսումնասիրության նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել
Վանաձոր քաղաք: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ հասարակական
կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, Լոռու մարզպետարանի,
Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչների, ավագանու մի շարք անդամների, ինչպես
նաև մշակույթի պալատի տնօրենի հետ:
Այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման
վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է հետևյալ հիմնական խնդիրները՝
1. չի ապահովվել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը թեքահարթակի քանդման
վերաբերյալ որոշման կայացման գործընթացին,
2. մշակույթի պալատի կողային մուտքերը, որոնք առաջարկվել էին որպես խնդրի լուծում, մատչելի և հասանելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս առնչությամբ Պաշտպանն արձանագրում է, որ կողային մուտքերը մատչելի և
հասանելի դարձնելով, այդուհանդերձ, պետությունը չի երաշխավորել հաշմանդամություն
ունեցող անձանց ազատ տեղաշարժման իրավունքի լիարժեք և արժանապատիվ իրացման
հնարավորությունը, քանի որ գլխավոր մուտքը չի ապահովում նման հնարավորություն:
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի
կարգավորման տեսանկյունից կարևոր է համարում հետևյալ սկզբունքների ապահովումը՝
1. մշակույթի պալատի գլխավոր մուտքը պետք է լինի մատչելի և հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առանց խտրականության,
2. մշակույթի պալատի մուտքի մատչելիությունն ապահովող ցանկացած լուծում պետք է դիտարկվի ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց՝ դրա օգտագործման հաճախականությունից ելնելով, այլ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման պետության պարտավորությունների համատեքստում,
3. մշակույթի պալատի գլխավոր մուտքն ապահովող ցանկացած լուծում պետք է լինի այնպիսին, որ երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքի իրացումը՝ առանց լրացուցիչ աջակցության անհրաժեշտության: Այս նպատակով համայնքը պետք է ապահովի հավասար
հնարավորություններ յուրաքանչյուր անձի համար անկախ հաշմանդամությունից,
4. մշակույթի պալատի տնօրինությունը պետք է երաշխավորի խնդրի լուծման ցանկացած տարբերակի անխափան և անվտանգ շահագործումը՝ անկախ մշակույթի պալատում միջոցառման առկայությունից,
5. հաշմանդամություն ունեցող անձինք պետք է լիարժեք ներգրավված լինեն իրենց առնչվող հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության բաժին, որն ապահովում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ
սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին վերապահված «Հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության
մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ
պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները: