Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ն
ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների
ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական
դիմում-բողոք:
Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների
բողոքների ակցիաների մշտադիտարկում: Պաշտպանը հանդիպում է ունեցել մի խումբ դիմորդների և նրանց ծնողների հետ, քննարկել նրանց մտահոգությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի են ունեցել նաև
մասնագիտական քննարկումներ, որոնց արդյունքում մի շարք գրություններ են
հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Ուսումնասիրելով բողոքների բովանդակությունը և ՀՀ վերաբերելի
օրենսդրությունը, ինչպես նաև առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»
սահմանադրական օրենքով՝ Մարդու իրավունքների պաշտպանը ձեռնպահ է մնում այնպիսի
հարցերի մասին գնահատական տալուց, որոնք չեն առնչվում Պաշտպանի իրավասությանը կամ
արդեն իսկ դիմողների կողմից ներկայացված են դատարանի քննարկմանը:
Կրթական համակարգի կազմակերպման և իրագործման, այդ ուղղությամբ
անհրաժեշտ միջոցների ընտրության հարցում միջազգային պահանջները պետություններին
վերապահում են հայեցողության լայն շրջանակ: Մարդու իրավունքների պաշտպանը
քննարկման առարկա է դարձրել այն, թե արդյոք գործադրված նոր կարգի պայմաններում
պետությունը հաշվի է առել բոլոր այն գործոնները, որոնք կարող էին բացասական
ազդեցություն ունենալ դիմորդների կրթության իրավունքի վրա և արդյոք պետությունը
ձեռնարկել է բավարար միջոցներ, որոնք կարող էին չեզոքացնել այդ գործոնների
բացասական ազդեցությունը:
Այսպես, դիմորդների և նրանց ծնողների՝ Մարդու իրավունքների պաշտպանին
հասցեագրած բողոքները և հրապարակային մտահոգությունները, ինչպես նաև Կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պաշտոնական պարզաբանումները
հնարավորություն են տվել ձևավորել հետևյալ եզրահանգումները:
1․ Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման նախագծին կից ներկայացված հիմնավորումներից պարզ է դառնում, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը փոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված
արտակարգ դրությամբ։ Նման դեպքերում պետք է նկատի ունենալ, որ արտակարգ դրության փաստը ավելի է մեծացնում պետության պոզիտիվ պարտավորությունների աստիճանը և իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և համաչափ կոնկրետ
իրավիճակին և ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։
2․ Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի վերաբերյալ
իրականացվել են իրազեկման աշխատանքներ: Սակայն Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները
վկայում են, որ նախ՝ կարգին վերաբերող Կառավարության որոշման դրույթները մեծածավալ
լինելու պատճառով ներկայացված չեն եղել դիմորդների համար նախատեսված մատչելի
տարբերակով, և երկրորդ՝ ժամանակային սղությամբ պայմանավորված դիմորդները չեն
ունեցել ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու հնարավորություն:
Այս եզրահանգման հիմքում ընկած հիմնական գաղափարն այն է, որ ընդունելության նոր
կարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքների համար պետք է սահմանվեր առնվազն
ընդհանրական բնույթի ռազմավարություն կամ ժամանակացույց, որի շրջանակում իրավասու
մարմինները կապահովեին տեղեկատվության իրական ու թիրախային հասանելիություն
հավասարապես բոլոր դիմորդների համար:
Այս տեսանկյունից պետք է հատուկ ուշադրության առարկա դառնար հատկապես
գյուղական վայրերում բնակվող դիմորդների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց իրազեկվածության ապահովմանը վերաբերող հարցերը։ Իրազեկման աշխատանքների արդյունավետ իրականացման համար կարևոր է նաև դպրոցների ուսուցիչների մասնակցությունն ու
ներգրավվածությունը:
Ընդ որում, այս աշխատանքները պետք է իրականացվեին նախապես՝ արտակարգ
դրություն հայտարարելուց անմիջապես հետո, երբ ընդունելության կարգի փոփոխության
համար առկա էր ողջամիտ կանխատեսելիություն:
3․ Հասկանալի է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը կարող է պահանջել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների անցկացման սեղմ ժամկետներ։ Սակայն, նախագծերի ընդունման հրատապությունը չի վերացնում այդ փաստաթղթերի մասին հանրային քննարկումներ անելու
անհրաժեշտությունը:
Արդյունքում, պետք է արձանագրել, որ թե՛ Կառավարության 2020 թվականի
մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման, թե՛ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում
կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ
հանրային քննարկումներ չեն իրականացվել։
Մարդու իրավունքների պաշտպանին նախագծերը կարծիքի ևս չեն
ներկայացվել:
4․ Պատշաճ քննարկումներ չանցկացնելն առաջացրել է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության կարգին առնչվող փաստաթղթերի գործնական կիրառելիության խնդիրներ: Ավելին,
առաջարկվող լուծումների վերաբերյալ հանրային ոչ բավարար իրազեկվածությունը
հանգեցրել է շահագրգիռ կողմերի՝ խնդրո առարկա կարգավորմամբ հետապնդվող նպատակի
վերաբերյալ անորոշության ու նույնիսկ կրթության իրավունքի պատշաճ իրացման պայմանների
տեսանկյունից անբարենպաստ հետևանքների:
5. Կառավարության որոշման և օրենքի նախագծերին կից ներկայացված
հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանցում առկա չէ այդ
փաստաթղթերի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող բավարար տեղեկատվություն:
Մասնավորապես, Կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում անհրաժեշտ էր
դիտարկել, թե առաջարկվող կարգավորումը գործնականում ինչ հնարավոր ռիսկեր կարող է
պարունակել և ինչ ազդեցություն կունենա կրթության իրավունքի իրացման տեսանկյունից՝
հաշվի առնելով նաև այն, որ 2020-2021 ուսումնական տարվա համար բուհերում
ընդունելությունն իրականացվել է մեկ քննության արդյունքների հիման վրա ու այն էլ
նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
6. 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի մշակման
փուլում հաշվի չի առնվել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանափակումների
պատճառով խնդիրների առաջ կանգնած դիմորդների բուհ ընդունելության հարցը: Օրինակ,
դիմորդը չի կարողացել մասնակցել ընդունելության միասնական քննությանը, քանի որ նոր
տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակակիր լինելու հիմքով գտնվել է
ինքնամեկուսացման մեջ: Ավելին, դիմորդն ավարտել է միջնակարգ դպրոցը գերազանց
առաջադիմությամբ: Արդյունքում, ինքնամեկուսացված և մեկուսացված անձինք չեն
կարողացել մասնակցել ընդունելության քննություններին իրենցից անկախ պատճառներով:
Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է բողոքների քննարկումը։
Իրավական դիրքորոշմանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ: