Հուլիսի 27-ին Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն
իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի
փորձագետները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր»
քրեակատարողական հիմնարկ:
Ստուգվել են
քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման,
նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ
միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց
համապատասխանությունը պահանջվող չափանիշներին: Ընդ որում, կատարվել է «Արմավիր»
ՔԿՀ-ին վերաբերող կոնկրետ խնդիրների, ինչպես նաև այնպիսի խնդիրների
ուսումնասիրություն, որոնք ունեն համակարգային բնույթ:
Ըստ այդմ, այցի և ուսումնասիրությունների արդյունքներով
վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները․
•
Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում
առկա չեն նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի
կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների ծրագիր՝
գործառույթների հստակ տարանջատմամբ,
•
քրեակատարողական ծառայողների համար առկա չեն նոր տեսակի
կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում նրանց աշխատանքին վերաբերող
վերապատրաստման դասընթացներ,
•
նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման նկատառումով
խցերի մաքրման աշխատանքների համար ազատությունից զրկված անձանց չեն տրամադրվում հատուկ
ախտահանիչ միջոցներ և պարագաներ ու առկա չեն նաև նրանց կողմից այդ միջոցներից կամ
պարագաներից օգտվելու պրակտիկայում գործող սկզբունքներ կամ կանոններ,
•
քրեակատարողական հիմնարկում առկա չէ օդափոխության ընդհանուր
համակարգ, որն ունի համակարգային խնդիր և Մարդու իրավունքների պաշտպանն այն
բարձրացվում է տարիներ շարունակ,
•
քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման տարածքներում,
ինչպես նաև պատժախցերում ու կարանտինային բաժանմունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ
անբավարար պայմաններ,
•
պատշաճ չի կազմակերպվում ազատությունից զրկված անձանց
բժշկական օգնությունը և սպասարկումը. առկա են բժշկական փաստաթղթերի վարման
խնդիրներ (օրինակ՝ չեն վարվում հիվանդության պատմագրերը, իսկ բժշկական քարտերը,
բժշկական մատյանները և այլ փաստաթղթեր վարվում են թերություններով և այլն),
•
արձանագրվել են բժշկական գաղտնիքի պահպանմանն առնչվող լուրջ
խնդիրներ, մասնավորապես՝ դեղորայք տրամադրելիս, բժշկական զննություն
իրականացնելիս և այլ բժշկական
միջամտություններին ներկա են գտնվում քրեակատարողական ծառայողներ. չի գործում
կանխավարկածն այն մասին, որ քրեակատարողական ծառայողը կարող է բժշկական
միջամտություններին ներկա լինել միայն բժշկի պահանջով՝ այն էլ բացառիկ դեպքերում ու
միայն տեսողական դիտարկման համար,
•
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր»
ստորաբաժանումը ոչ ամբողջական է համալրված անհրաժեշտ դեղերով և այլ բժշկական
պարագաներով,
•
արձանագրվել են այնպիսի գերատեսչական հակասություններ,
որոնց պատճառով խնդիրներ են առաջանում դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկից
դատարան և դատարանից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում,
•
առկա են ազատությունից զրկված անձանց քաղաքացիական
հիվանդանոցներ տեղափոխելու հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված ուղեկցողների և
տրանսպորտային միջոցների սակավությամբ,
•
տեղաշարժման դժվարություններ ունեցող ազատությունից
զրկվածները բախվում են դատական նիստերին տեղափոխման խնդիրների, քանի որ տրանսպորտային
միջոցները հարմարեցված չեն,
•
բարելավման կարիք ունեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների
աշխատանքային պայմանները, մասնավորապես՝ աշխատակիցների համար նախատեսված սանհանգույցներում
արձանագրվել են սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ,
•
քրեակատարողական հիմնարկում շարունակում է առկա լինել
հաստիքների համալրման խնդիրը. այցի պահին հոգեբանի 2 հաստիքներն էլ թափուր են եղել
և այլն:
Այցի ընթացքում և
կատարված ուսումնասիրություններով արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝
•
նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված
ստեղծված իրավիճակում ազատությունից զրկված անձանց կրթական միջոցառումները և դասընթացները
կազմակերպվել են առցանց եղանակով.
•
ազատությունից զրկված անձինք գոհունակություն են հայտնել քրեակատարողական
հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության
կողմից պատրաստվող սննդի որակի, քանակի և բազմազանության կապակցությամբ.
•
ավելացել է տեսազանգից օգտվող ազատությունից զրկված անձի
թիվը (թեև ազատությունից զրկված որոշ անձինք շարունակում են անտեղյակ լինել տեսազանգից
օգտվելու հնարավորության մասին):
«Արմավիր»
քրեակատարողական հիմնարկ Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցն իրականացվել է հատուկ
մեթոդաբանությամբ՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Մշտադիտարկմանը
ներգրավված են եղել իրավաբաններ, սոցիոլոգ, ինչպես նաև բժիշկներ, այդ թվում՝
հոգեբույժ:
Այցի ընթացքում
ուսումնասիրության առարկա են դարձել նաև քրեակատարողական հիմնարկում ազատությունից
զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, բժշկական
սպասարկման և առհասարակ քրեակատարողական ծառայողների հաստիքների բավարարությունը և
նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ
կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:
Վեր հանված խնդիրները
քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև «Քրեակատարողական
բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ:
Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված
առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:
Մշտադիտարկման այցի
ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և բժշկական անձնակազմը պատշաճ
համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ վերջիններիս
կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն
առաջացել: