Հայաստանի
Հանրապետության Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը
հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնատիպ ահազանգեր է ստացել նաև հուլիսի
12-ին՝ ցերեկային ժամերին:
Ըստ Մովսես
գյուղի բնակիչների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերի՝ ադրբեջանական
կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ: Խաղաղ բնակչության
գնահատմամբ՝ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ իրական է դարձնում
քաղաքացիական բնակավայրին, իրենց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու
վտանգը:
Նշված ահազանգերից
անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության
հրապարակային պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական կողմն իրականացնում
է Հայաստանի զինված ուժերի դիրքերի հրետակոծում: Դրանից բացի, Հայաստանի պաշտպանության
նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հրատապ հարցմամբ հաստատել
է, որ գնդակոծությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի խաղաղ
բնակավայրերի անմիջական հարևանությամբ և առկա է այդ բնակավայրերին վնաս պատճառելու
իրական վտանգ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պահպանում է նաև անմիջական
կապ Հայաստանի Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչների և համայնքների վարչական
մարմինների հետ։
Մարդու իրավունքների
պաշտպանը, լինելով մարդու իրավունքների ազգային անկախ հաստատություն և առաջնորդվելով
բացառապես իրավապաշտպան սկզբունքներով, խստորեն դատապարտում է գնդակոծությունը ու որ
այն էլ իրականացվում է Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ,
այդ բնակավայրերի բնակիչներին, նրանց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս
պատճառելու իրական վտանգով: Այս երևույթն առավել ևս դատապարտելի է նոր տեսակի կորոնավիրուսի
(COVID-19) համաճարակի պայմաններում:
Մարդու իրավունքների
պաշտպանը հրավիրում է մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների ուշադրությունը
նշված փաստերին և տեղեկացնում, որ նախաձեռնել է թիրախային դիտարկում, որի արդյունքները
սահմանված կարգով կամփոփվեն ու կուղարկվեն միջազգային կառույցներին: