Ապրիլի 29-ին տեղի է ունեցել Օմբուդսմանների Եվրասիական
Դաշինքի նիստը տեսակապի միջոցով:
Հայաստանի,Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի,
Սերբիայի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների
ներկայացուցիչների հետ քննարկվել է Կորոնավիրուսի (Covid-19) պայմաններում մարդու
իրավունքների վիճակը: Նիստը նվիրված է եղել նաև Հայրենական մեծ պատերազմի
վետերանների իրավունքներին:
Արման Թաթոյանն իր ելույթում ողջունել է Օմբուդսմանների
Եվրասիական Դաշինքի նիստը՝ համարելով այն արդյունավետ համագործակցության լավագույն
օրինակ, որը կարևոր հարթակ է մարդու իրավունքների պաշտպանության, այդ հարցում
փոխանակման տեսանկյունից:
Նիստի առաջին մասում Պաշտպանը նշել է, որ Հայրենական մեծ
պատերազմի մասնակիցներից յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանությունն իր անմիջական
ուշադրության ներքո է. սոցիալական երաշխիքներ, մասնավորապես՝ կենսաթոշակի
վճարումները, բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ հարցեր և այլն: Այս
բոլոր հարցերը տեղ են գտնում նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան
հաղորդումներում և արտահերթ զեկույցներում:
Նիստի ընթացքում Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Նոր կորոնավիրուսի
(COVID-19) համաճարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում Մարդու իրավունքների Պաշտպանի
գործունեության առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության հարցում
մարտահրավերներին:
Պաշտպանը նշել է, որ աշխատանքը կազմակերպվում է 24-ժամյա արտակարգ ռեժիմով:
Դրանից բացի անդրադարձել է արագ արձագանք պահանջող անհատական դիմումների և թեժ գծին
ստացվող զանգերի աննախադեպ աճին, որոնք հիմնականում վերաբերում են արտակարգ
դրության ընթացքում ազատ տեղաշարժման սահամանափակումներին, աշխատանքային
իրավունքներին, պետական սահմանների փակ լինելու հետևանքով ընտանիքների
վերամիավորմանը և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների
իրազեկման բարձրացման աշխատանքների կարևորությունը: Անդրարադարձել է Պաշտպանի
հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու
իրավունքների վերաբերյալ» ուղեցույցին, որը տպագրվել է բրայլյան գրով, թարգմանվել
է անգլերեն և ռուսերեն, ինչպես նաև մեր երկրում բնակվող ազգային
փոքրամասնությունների լեզուներով՝ քրդերեն, եզդիերեն, ասորորեն, հնդկերեն: Հատուկ
ուղեցույց է հրապարակվել նաև երեխաների համար:
Մարդու իրավունքների պաշտպանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել
Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկոլկովային,
Բաշկիրիայում և Սվերդլովսկի մարզում Մարդու իրավունքների հանձնակատարներին, ինչպես
նաև Ղրղզստանի Օմբուդսմանին՝ արտակարգ դրության պայմաններում պետությունների
սահմանները փակ լինելու պատճառով ընտանիքների վերամիավորմանն աջակցելու հարցում:
Նիստին մասնակից մարդու
իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչները կարևորել են արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների
պաշտպանության տեսանկյունից գործընկեր կառույցների միջև արդյունավետ
համագործակցությունը: