Հայաստանի տարածքից դուրս գտնվող Հայաստանի
քաղաքացիների կենսաթոշակի վճարման մեխանիկական դադարեցումը տարեկան մեկ անգամ բանկ
չներկայանալու դեպքում վիճահարույց է։ Այս խնդիրն արտացոլված է Մարդու
իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ։
Հարցն այն է, որ գործող օրենքով՝ կենսաթոշակի
վճարումը շարունակելու համար կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն 1 անգամ,
վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար
դիմելու) ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ,
ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում
լինելու մասին: Օրենքը հնարավորություն է ընդձեռում, որ կենսաթոշակը նաև վճարվում
է կենսաթոշակառուի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, սակայն կենսաթոշակը
լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել 12 ամսից ոչ ավելի ժամանակահատվածում։
Մինչդեռ, օրենքը չի նախատեսում բաց թողնված
ժամկետը հարգելի համարելու հնարավորություն:
Մարդու իրավունքների պաշտպանին տարեցտարի
հասցեագրվող դիմում-բողոքների աճը վկայում է, որ խնդիրն արդիական է։ Օրինակ,
դիմումներից մեկով քաղաքացին հայտնել է, որ 10 տարուց ավելի երկարատև բուժման
հիմքով Հայաստան չի վերադարձել, ինչը մեխանիկորեն հանգեցրել է կենսաթոշակի վճարման
դադարեցման:
Պաշտպանի աշխատակազմի հարցումը ՀՀ աշխատանքի
և սոցիալական հարցերի նախարարություն ցույց է տալիս, որ 2019 թվականին սահմանված
ժամկետում հայտարարությունը չստորագրելու հիմքով դադարեցվել է թվով 40314 անձանց
կենսաթոշակի (նպաստի) վճարում, որից 5200 անձանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը չի
վերսկսվել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
թեմայի վերաբերյալ իրականացվել է միջազգային փորձի և ներպետական օրենսդրության
ուսումնասիրություն։
Այսպիսով, Պաշտպանի դիրքորոշմամբ՝
կենսաթոշակի նշանակման պահից կենսաթոշակառուին տրամադրման ենթակա գումարները
հանդիսանում են իր սեփականությունը, հետևաբար, վերջինս ունի այդ գումարներն իր
հայեցողությամբ օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրավունք: Իսկ տարեկան
առնվազն 1 անգամ բանկ չներկայանալու փաստը չի ենթադրում, որ կենսաթոշակառուն
սեփականության իրավունքով իրեն պատկանող դրամական միջոցներից հրաժարվելուն ուղղված
որևէ գործողություն է կատարել:
Պաշտպանն առաջարկել է «Պետական
կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ, որով կամրագրվի բաց
թողնված ժամկետը հարգելի համարելու հնարավորությունը: