Վերաքննիչ քրեական դատարանը դատապարտյալին
պայմանական վաղաժամկետ ազատելու որոշման մեջ հաշվի է առել նաև Մարդու իրավունքների
պաշտպանի խախտման որոշումը և այդ որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումները՝
բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկ իրականացված չհայտարարված այցի ընթացքում
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն արձանագրել է, որ ազատությունից
զրկված անձն ինքնավնասում կատարելու համար տեղափոխվել է պատժախուց՝ ենթարկվելով
կարգապահական տույժի:
Պաշտպանի նախաձեռնած քննարկման վարույթի շրջանակում Պաշտպանը կայացրել է խախտման
որոշում՝ հանդես գալով նաև նման պրակտիկայի անթույլատրելիության վերաբերյալ
հրապարակային հայտարարությամբ:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի այն իրավական
դիրքորոշմանը, ըստ որի՝ ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար
ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն իրավաչափ չէ:
Այս պրակտիկան հակասում է միջազգային չափանիշներին և ՀՀ ստանձնած միջազգային
պարտավորություններին:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ինքնավնասում և
ինքնասպանության փորձ կատարած ազատությունից զրկված անձինք պետք է ստանան բավարար
ծավալով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական և հոգեբանական աջակցություն՝ գտնվելով
քրեակատարողական ծառայողների և բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող
անձնակազմի անմիջական մշտական հսկողության տակ, ինչպես նաև ինքնավնասում կամ
ինքնասպանության փորձ կատարելու համար ազատությունից զրկված անձանց նկատմամբ
կարգապահական տույժեր չպետք է կիրառվեն:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից
Պաշտպանի որոշման և իրավական դիրքորոշումներին կամ իրավաբանության (jurisprudence)
մեջբերումները, ինչպես նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու
ինստիտուտի վերաբերյալ դատարանի հայտնած դիրքորոշումները:
Սա ևս մեկ օրինակ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները
դատական պրակտիկայում դառնում են իրավունքի աղբյուր: Դրանք իրավակիրառ
պրակտիկայում կարող են օգտագործվել դատավորների, դատախազների, փաստաբանների և
քննիչների կողմից, ինչն էլ առավել արդյունավետ կդարձնի երկրում մարդու
իրավունքների պաշտպանությունը: